AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր ծննդյան 70-րդ տարեդարձն է տոնում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սիմոն Պապյանը

03/08/2023

Այսօր ծննդյան 70-րդ տարեդարձն է տոնում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սիմոն Պապյանը։ Սիմոն Պապյանը 1995-2000թթ. եղել է Բնապահպանության և ընդերքի նախարարի առաջին տեղակալ, 2002-2017թթ. Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, 2017-2018թթ․ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Անգնահատելի է նրա դերը բնապահպանության ոլորտի զարգացման և կայացման գործընթացում, մասնավորապես` բնապահպանական օրենսդրության, քաղաքականության, ինչպես նաև միջազգային համագործակցության ոլորտներում: Հանդիսացել է «Ազգային անվտանգության ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, «ՀՀ Ազգային գնահատման զեկույց Ռիո+10-ի» աշխատանքային խմբի ղեկավար-խմբագիր, «ՀՀ Ազգային գնահատման զեկույց Ռիո+20-ի» խմբագրական խորհրդի անդամ: Ղեկավարել է բնապահպանական քաղաքականության ազգային գործողությունների ռազմավարությունների մշակման աշխատանքները` Հայաստանի Հանրապետության ազգային բնապահպանական գործողությունների ծրագրի հիմնական զեկույցի համախմբագիր, Հայաստանի Հանրապետության երկրորդ բնապահպանական գործողությունների ծրագրի ազգային համակարգող, Նախարարական զեկույցների (Բնապահպանության նախարարություն) ղեկավար-խմբագիր, Հայաստանի ջրային ռեսուրսները երրորդ հազարամյակում զեկույցի համախմբագիր, Կլիմայի փոփոխության մասին 3-րդ ազգային հաղորդագրության, Հայաստանի կենսաբազմազանության 3-րդ ազգային զեկույց ծրագրի ազգային տնօրեն:
Հայաստանի Հանրապետության անունից, որպես պատվիրակության ղեկավար, հանդես է եկել միջազգային բնապահպանական կոնվենցիաների կողմերի կոնֆերանսներում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ:
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, հեղինակել է «Պետություն և տնտեսություն» մենագրությունը, ինչպես նաև բազմաթիվ գիտական հոդվածներ: 2006թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: 2006թ. խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2008թ. շնորհվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Սիմոն Պապյանին ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, ցանկանում՝ քաջառողջություն, երջանկություն, անսպառ ուժ, արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ ՊՈԱԿ-ի զարգացման: