AM RU EN

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ  
(ներբեռնել)

1.   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):
3. Կազմակերպությունն ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ՝ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.952674), «Անտառային մոնիթորինգի կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» (պետական գրանցման համարը՝ 286.210.04768) պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը՝ համաձայն փոխանցման ակտերի: 
4. Կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունն է:
5. Կազմակերպությունը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի և անկախ պետությունների Համագործակցության 1992 թվականի փետրվարի 8-ի «Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ։
6. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:
7. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
8. Կազմակերպության անվանումն է՝
1) հայերեն լրիվ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
2)  հայերեն կրճատ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ,
3)  ռուսերեն լրիվ Государственная некоммерческая организация «Центр гидрометеорологии и мониторинга»,
4) ռուսերեն կրճատ ГНО «Армгидромет»,
5) անգլերեն լրիվ «Hydrometeorology and Monitoring Center» State Non-Commercial Organization,
6) անգլերեն կրճատ «Armhydromet» SNCO:
9. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 46:

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝
1) շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, բուսական ու կենդանական աշխարհի, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառների, հողերի և ընդերքի պահպանության և բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) բանական օգտագործման ապահովմանը նպաստելը՝ շրջակա միջավայրի բաղադրիչների և դրանց վրա ազդող գործոնների նկատմամբ դիտարկումների իրականացման, վիճակի գիտականորեն հիմնավորված գնահատման համար բավարար տվյալների ստեղծման, դրանց գրանցման, վերլուծման, տրամադրման ու պահման միջոցով.
2) հիդրոօդերևութաբանական տարրերի (մթնոլորտային ճնշում, քամի, խոնավություն, օդի և ջրի ջերմաստիճան, ջրի մակարդակ և ծախս, հորդացում, սառցակալում և այլն) և պրոցեսների վիճակը բնորոշող տեղեկատվության ստանալը՝ դիտարկումների իրականացման, ստացված տեղեկատվության ուսումնասիրության, օգտագործման, տրամադրման, պահպանման և վիճակի գիտականորեն հիմնավորված գնահատման ու կանխատեսման միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների ու ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպման և իրականացման ապահովումը,
3) կլիմայի, դրա փոփոխության և էկոհամակարգերի վրա ազդեցության վերաբերյալ տեղեկատվություն ստանալը, գիտականորեն հիմնավորված վերլուծումն ու գնահատումը,
4) էկոլոգիական անվտանգության ապահովման պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակման ու դրանց կենսագործման գործընթացներում թափոնների և քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ գործածության, թափոնների ծավալների նվազեցման և թափոնների ու քիմիական նյութերի շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն աջակցելը:
11. Կազմակերպության գործունեության խնդիրներն են՝
1) պլանավորված, միջազգային ստանդարտներին ու միասնական ցուցանիշներին համապատասխան շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգի ապահովումը.
2) շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների նկատմամբ դիտարկումների իրականացման, դրանց վերաբերյալ հավաստի տեղեկատվության ստացման, վերլուծման, ստացված տեղեկատվությունը միասնական տեղեկատվական շտեմարաններում (ֆոնդում) ներբեռնման և պետական մարմիններին, հանրությանը տեղեկատվության տրամադրման ապահովումը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջակա միջավայրի վիճակի աղտոտվածությամբ պայմանավորված և վտանգավոր ու տարերային հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին ու սեփականությանն սպառնացող վտանգի վերաբերյալ ահազանգման համակարգի ապահովումը.
4) շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական երևույթների մոնիթորինգի կատարելագործման, դիտացանցերի ու նյութատեխնիկական բազայի զարգացման, ժամանակակից տեխնիկական միջոցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական միջոցների շահագործման և ընթացիկ նորոգման, մասնագիտական չափիչ-ստուգիչ սարքերի և այլ չափման միջոցների ստուգաչափման ու չափաբերման գործընթացի ապահովումը.
12. Կազմակերպության գործառույթներն են՝
1)  շրջակա միջավայրի վիճակի մոնիթորինգի իրականացումը, այդ թվում՝ 
ա․ մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործությունների, մթնոլորտում տեղի ունեցող բնական երևույթների, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտը քայքայող նյութերի և մարդածին ազդեցությունների ու երևույթների դիտարկումների իրականացումը, շրջակա միջավայրի գամմա ֆոնի դոզայի հզորության, ռադիոակտիվ փոշու մակերեսային խտության գումարային բետտա ակտիվության, հողի նմուշների գումարային բետտա-ակտիվության, ջրի նմուշներում կոշտ մնացորդների գումարային բետտա և ալֆա ակտիվության չափումները,
բ․ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների, որակական ու քանակական հատկությունների, ինչպես նաև ջրային ռեսուրսների վիճակը վատթարացնող ազդեցությունների ու երևույթների դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
գ․ հողերի աղտոտվածության վիճակի ու որակական փոփոխությունների և հողերի վրա բացասական ազդեցությունների ու երևույթների դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
դ․ բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների տեսակների ու դրանց պոպուլյացիաների, համակեցությունների բազմազանության, ինչպես նաև դրանց տարածվածության, աճելավայրերի ու բնակության վայրերի և տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
ե. բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների և անտառային հողերի վիճակի, քանակական և որակական փոփոխությունների, անտառվերականգման, անտառապատման, անտառօգտագործման, հիվանդությունների և վնասատուների տարածվածության, անտառային հրդեհների, այդ թվում՝ հրդեհային անվտանգության կանոնների և դրանցից բխող միջոցառումների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների և անտառային հողերի վրա մարդածին և բնական գործոնների հետևանքների, անտառային օրենսդրության խախտումների, ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը, Հայաստանի Հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի վերլուծությունը և գնահատումը, անտառային տնտեսության վարման և ոլորտի զարգացման ուղղված ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրումը,
զ․ շրջակա միջավայրի, ներառյալ՝ բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) առկա վիճակի գնահատումը և կանխատեսումը,
2) հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացումը, այդ թվում՝ 
ա․ հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի, օզոնային շերտի վիճակի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ակտինոմետրիական և աերոլոգիական դիտարկումների իրականացումը,
բ․ գետերի, լճերի և ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափությունների ուսումնասիրումը և մակերևութային ջրերի պետական հաշվառման իրականացումը, պետական կադաստրի վարմանը մասնակցությունը,  
գ․ դիտարկումների արդյունքում ստացված տվյալների հավաքագրումը, մշակումը, օգտագործումը, պահպանումն ու պաշտոնական կանխատեսումների և նախազգուշացումների կազմումը,
դ․ կլիմայի, դրա փոփոխության տարածաժամանակային օրինաչափությունների ուսումնասիրության, գնահատման և կանխատեսման իրականացումը, ինչպես նաև Հայաստանի տարածքում ազգային և միջազգային կառույցների հետ համատեղ երաշտների, դրանց առաջացման օդերևութաբանական պայմանների, տարածաժամանակային փոփոխության գնահատման և կանխատեսման ապահովումը և դրանց ազդեցության հետևանքով տնտեսության տարբեր ոլորտների խոցելիության վերաբերյալ իր իրավասությունների սահմաններում շահագրգիռ կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելը,
ե․ բնակչության կյանքի ու առողջության, երկրի տնտեսության և շրջակա միջավայրի համար սպառնալիք հանդիսացող վտանգավոր հիդրոօդերևութաբանական ու մթնոլորտային երևույթների և գործընթացների փաստացի ու կանխատեսվող կտրուկ փոփոխությունների մասին օպերատիվ տեղեկատվության պատրաստումն ու հաղորդումը,
զ․ Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպումը և իրականացումը,
է․ մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումների կազմակերպումը և իրականացումը,
ը. շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ՝ մթնոլորտային երևույթների հետևանքով տնտեսությանը հասցված վնասների չափերի ուսումնասիրման աշխատանքներին մասնակցելը,
3) շրջակա միջավայրի, ներառյալ՝ բնական ռեսուրսների (բացառությամբ՝ օգտակար հանածոների պաշարների) և հիդրոօդերևութաբանական երևույթների ու պրոցեսների միասնական տեղեկատվական շտեմարանի (ֆոնդի) և ջերմոցային գազերի շտեմարանի ստեղծումն ու վարումը,
4) շրջակա միջավայրի և հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի արդյունքներով ստացված տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը, հրապարակումը և պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանը սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումը, տեղեկագրերի հրատարակումը.
5) պետական նշանակություն ունեցող շրջակա միջավայրի մոնիթորինգի և հիդրոօդերևութաբանական ու մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծրագրերի, ինչպես նաև բարձր աղտոտվածությամբ պայմանավորված շրջակա միջավայրի վիճակից ու վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության կանխարգելիչ միջոցառումների իրականացում, քաղաքացիների կյանքին, նրանց սեփականությանն սպառնացող վտանգի վերաբերյալ ազդարարումը,
6) մասնակցություն շրջակա միջավայրի մոնիթորինգին, կլիմայի փոփոխությանը, հիդրոօդերևութաբանական գործունեությանը և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությանը վերաբերող իրավական ակտերի մշակմանը, 
7) մասնակցություն միջազգային ու տարածաշրջանային նշանակության հիդրոօդերևութաբանական երևութների մոնիթորինգի, շրջակա միջավայրի վիճակի, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու մեղմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման համընդգրկուն և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը, մոնիթորինգի, գիտահետազոտական և գիտափորձարարական ծրագրերի մշակմանը և այդ աշխատանքների իրականացմանը, տեղեկատվության փոխանակման համընդգրկուն և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը,
8) Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում Կազմակերպության խնդիրներից և նպատակներից բխող աշխատանքների իրականացումը, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվետվությունների կազմումը, ջերմոցային գազերի արտանետումների ու կլանումների գույքագրումը և սահմանված կարգով դրանց ներկայացումը լիազորված մարմնին, ազգային զեկույցների և հաղորդագրությունների պատրաստման գործընթացին, 
9) բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի (Օրհուս կենտրոն) աշխատանքներիի իրականացում,
10) շրջակա միջավայրի մոնիթորինգի, հիդրոօդերևութաբանության և տեղեկատվության հարցերի վերաբերյալ  մասնագիտական գիտելիքների ուսուցման, վերապատրաստման դասընթացների, աշխատաժողովների և գիտաժողովների կազմակերպումը,
11) շրջակա միջավայրի նախարարության կայքի սպասարկումը, այդ թվում՝ նյութերի հավաքագրումը, ամփոփումը, մշակումը և տեղադրումը,
12) մասնակցություն թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության, հայեցակարգերի, ռազմավարությունների և դրանց կենսագործման պետական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, մասնակցություն թափոնների հաշվառմանը, ինչպես նաև թափոնների ըստ վտանգավորության և ըստ ոլորտների դասակարգման գործընթացներին, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի մասին տեղեկատվության հավաքումը և մշակումը, հեռացման վայրերում տեղադրված թափոնների որակական ու քանակական վերլուծության իրականացումը և շրջակա միջավայրի վրա վերջիններիս վնասակար ներգործության գնահատումը, թափոնների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և վնասազերծման, ինչպես նաև սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու վերլուծումը: 
13. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները. 
1) լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացումը,
2) հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմումը և տրամադրումը,
3) ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացումը,
4) հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրումը և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցումը,
5) մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցումը,
6) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումը:
14. Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեություն կարող է իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը՝ տնօրենը:
16. Կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
17. Հիմնադրի բացառիկ լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով:
18. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարությունը՝ որպես ոլորտի կառավարման պետական լիազորված մարմին:
19. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են՝
 1) Կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
 2) Կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.
 3) Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
 4) Կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
 5) Կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
6) Կազմակերպության աշխատանքային ծրագրերի հաստատումը և գործունեության վերահսկողությունը.
7) Կազմակերպության գործադիր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչումը.
8) Կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների լսումը և դրա գործունեության վերստուգման արդյունքների քննարկումը․
9) Կազմակերպությանն ամրագրված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
10) Կազմակերպության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի հաստատումը.
11) Կազմակերպության եկամուտների և ծախսերի նախահաշվի հաստատումը.
12) Կազմակերպության հաստիքային ցուցակի հաստատումը.
13) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
20. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և ազատում է լիազորված պետական մարմինը:
21. Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
22. Կազմակերպության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին:
23. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: 
24. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
25. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և    դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
26. Տնօրենն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և պայմանագրով իրեն տրված այլ լիազորություններ:
27. Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված պետական մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
28. Տնօրենի տեղակալները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են տնօրենի կողմից՝ լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
29. Տնօրենը․
 1) առանց լիազորագրի հանդես է գալիս Կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում է գործարքներ,
 2) օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,
  3) տալիս է Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
  4) պայմանագրային հիմունքներով ընդունում է աշխատողներ, աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում Կազմակերպության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր, Կազմակերպությանը արդյունավետ համագործակցություն, աջակցություն ցուցաբերած անձանց պարգևում է հուշանվերներով.
  5) պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվներ,
  6) սահմանում է Կազմակերպության կառուցվածքը,
  7) օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար հանձնարարականներ, պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
  8) ապահովում է Կազմակերպության գործունեության վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների կազմումը և սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմնին,
  9) իրականացնում է օրենսդրությանը չհակասող և Կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
30. Կազմակերպությունը․
1) ինքնուրույն է կազմակերպում իր գործունեությունը, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում որոշում է սպառողների պատվերներով և նրանց ֆինանսավորմամբ իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները,
2) հաշվապահական հաշվառումը վարում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով, հաշվապահական ստանդարտներով և այլ իրավական ակտերով, սահմանված կարգով ներկայացնում է ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ,
3) հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով,
4) կրում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ,
5) ունի փորձարկման լաբորատորիա, որի ղեկավարման, անձնակազմին և նրանց իրազեկությանը ներկայացվող պահանջները սահմանվում է տնօրենի հրամանով։
31. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Կազմակերպության աշխատակիցների առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

4. ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
32. Գիտատեխնիկական խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկվում են հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի բնագավառի գիտնականներ, առաջատար մասնագետներ, կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարներ։ Խորհուրդը ղեկավարում է Կազմակերպության տնօրենը, ով իր հրամանով հաստատում է Խորհրդի անհատական կազմը։
Խորհուրդը․
⦁    լսում և քննարկում է հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի բնագավառում  գիտատեխնիկական, կիրառական, մեթոդական, օպերատիվ աշխատանքների ընթացքի մասին զեկույցները,
⦁    տալիս Է գիտականորեն հիմնավորված կարծիքներ և եզրակացություններ,
⦁    քննարկում է ոլորտին վերաբերող հեռանկարային ծրագրերը,
⦁    հաստատում է իր աշխատակարգը,
⦁    անհրաժեշտության դեպքում ստեղծում է աշխատանքային խմբեր և ղեկավարում է դրանց գործունեությանը,
⦁    իրականացնում է կազմակերպության առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված այլ գործառույթներ։

4.1 ՕՐՀՈՒՍ ԿԵՆՏՐՈՆԸ

32.1 Օրհուս կենտրոնը «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայով սահմանված  (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա) նպատակներին հասնելու համար էկոլոգիական տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության, շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող տեղեկատվության հավաքագրման, մշակման, ակտիվ տարածման միջոցով  նպաստում է  առողջ և բարենպաստ շրջակա միջավայրի իրավունքի իրացմանը:
32.2 Օրհուս կենտրոնը կարող է ունենալ մարզային կենտրոններ:
32.3 Օրհուս կենտրոնն իր  աշխատանքները կազմակերպում է իր կանոնակարգի հիման վրա, որը հաստատում է խորհուրդը:
32.4  Օրհուս կենտրոնի աշխատանքները համակարգում է խորհուրդը, որը ստեղծվում է շրջակա միջավայրի նախարարի կողմից:
32.5 Խորհուրդը`
1) ընտրում է նախագահ` խորհրդի հերթական նիստերը վարելու և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում` խորհրդի նիստերից բխող հանձնարարականների կատարմանը հետևելու համար.
2) հաստատում է իր աշխատակարգը,
3) եզրակացություն է տրամադրում Օրհուս կենտրոնի աշխատակիցների թեկնածուների ընտրության վերաբերյալ,
4) հաստատում է կենտրոնի գործունեության տարեկան աշխատանքային պլանը, լսում է  կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունները և տալիս առաջարկություններ,
5) եզրակացություն է տրամադրում Օրհուս կենտրոնի կանոնակարգի վերաբերյալ:»

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
33. Կազմակերպությունն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տիրապետում է իրեն հատկացված և ամրացված գույքը:
34. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կողմից իրականացվող ֆինանսավորումից, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների (ծրագրերի) միջոցներից, ձեռնարկատիրական գործունեության մատուցման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:
35. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է Կառավարության կողմից սահմանված կարգով:
36. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, գանձապետական հաշիվներ Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
37. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
38. Կազմակերպությունը հիմնադրի կողմից սահմանված կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

39. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 
40. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: