AM RU EN

ՀՈՂԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹ

Ընդհանուր տեղեկություններ

Հողային ծածկույթ 2023 թ. IV եռամսյակ
Հողային ծածկույթ 2023 թ. III եռամսյակ
Հողային ծածկույթ 2022 թ.
Հողային ծածկույթ 2022 թ. IV եռամսյակ


Հողային ծածկույթ 2022 թ. III եռամսյակ
Հողային ծածկույթ 2022 թ. II եռամսյակ
Հողային ծածկույթ 2021 թ.

Հողային ծածկույթում մետաղների կոնցենտրացիոն բաշխվածությունը 2023 թվականի III եռամսյակ

Հողային ծածկույթի աղտոտման աղբյուրներ կարող են հանդիսանալ՝

  • մետաղաձուլական գործարանները,
  • արդյունաբերական և կենցաղային թափոնները,
  • գյուղատնտեսությունը,
  • տրանսպորտը և այլն:

Մարդու գործունեության արդյունքում միջավայր թափանցած ծանր մետաղների մեծ մասը կուտակվում է հողում: Այնուհետև դրանց մի մասը անցնում է ջրային միջավայր, մի մասը կլանվում է բույսերի կողմից և հայտնվում սննդային շղթայում: Հողի արդյունաբերական աղտոտման հիմնական աղբյուրներն են մետաղաձուլական գործարանները, մետաղական հանքարդյունաբերությունը և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտման աղբյուրները կարող են առաջացնել հողի աղտոտվածություն ծանր մետաղներով (պղինձ, ցինկ, արսեն, կապար, մոլիբդեն, մանգան, նիկել, կադմիում, քրոմ և այլն) և ցիանական միացություններով: Հողերի որակի գնահատումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանի համաձայն: 2023 թվականի 3-րդ եռամսյակում հողային ծածկույթի՝ ծանր մետաղներով աղտոտվա-ծության ուսումնասիրման համար դիտարկումներն իրականացվել են Գեղարքունիքի մարզի Ջիլի հանքային դաշտում (նախկին Ջիլի հանքավայր): Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոնների լքված լցակույտերի 3 տեղամաս՝ Գլավնայա Ժիլա, Եֆիմով և Չաթին-Դարա։ Հանքային դաշտի մոտակա բնակավայրն է Ջիլ գյուղը: Հանքավայրը հայտնի է եղել 1899 թվականից, երկրաբանահետախուզական աշխատանքներն առաջին անգամ իրականացվել են 1924-1925թթ., հանքաքարի արդյունահանումը՝ սկսած 1937 թվականից: Հանքավայրի պաշարները հաստատվել են 1938 թվականին, իսկ 1947-1950թթ. հաստատված պաշարների գերակշիռ մասն արդյունահանվել է: 1959թ. ՀՍՍՀ երկրաբանական վարչության ՊՏՀ որոշմամբ հանքավայրը դիտարկվել է որպես արդյունաբերական նշանակությունը կորցրած։ Տարածքում կուտակված ընդերքօգտագործման թափոնները դիտարկվում են որպես տիրազուրկ/լքված*: Ջիլի հանքային դաշտի երեք տեղամասերում ուսումնասիրված հողերում քրոմի պարունակությունը գերազանցում է համապատասխան ՍԹԿ-ն՝ 20.3-440.3 անգամ, նիկելի պարունակությունը՝ 86.8-833.5 անգամ, պղնձի պարունակությունը՝ 2.3-17.3 անգամ, ցինկի պարունակությունը՝ 1.1-6․9 անգամ և արսենի պարունակությունը՝ 2.5-67.0 անգամ: Վանադիումի և կապարի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները։ Տեղամասերի հողերի աղտոտվածության բաշխվածության քարտեզները ներկայացված են ստորև բերված նկարներում:

 

 

Ընդհանուր տեղեկություններ

Հողային ծածկույթի աղտոտման աղբյուրներ կարող են հանդիսանալ՝
  • մետաղաձուլական գործարանները,
  • արդյունաբերական և կենցաղային թափոնները,
  • ժամանակակից գյուղատնտեսությունը,
  • տրանսպորտը:

Մարդու գործունեության արդյունքում միջավայր թափանցած ծանր մետաղների մեծ մասը կուտակվում է հողում: Այնուհետև դրանց մի մասը, անցնելով ջրային միջավայր, կլանվում է բույսերի կողմից և հայտնվում սննդային շղթայում: Հողի արդյունաբերական աղտոտման հիմնական աղբյուրներն են մետաղաձուլական գործարանների և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները կարող են առաջացնել հողի աղտոտվածություն ծանր մետաղներով (պղինձ, ցինկ, արսեն, կապար, մոլիբդեն, մանգան, նիկել, կադմիում, քրոմ, վանադիում+ և այլն) և ցիանական միացություններով:
Հողի աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար նյութերը նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը:
Ծանր մետաղների կուտակումը հողում կատարվում է ավելի արագ տեմպերով, քան հեռացումն ու չեզոքացումը, որը տևում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարիներ:
Գյուղատնտեսական աղտոտման հիմնական աղբյուրներն են՝ հանքային պարարտանյութերը, թունաքիմիկատները, անասնապահական համալիրները: Հանքային պարարտանյութերի կանոնների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օգտագործման օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը:

Հիմնական աղտոտիչները և դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա

Հողային ծածկույթի վտանգավոր աղտոտիչներ են համարվում ծանր մետաղները: Ըստ վտանգավոևության դասերի ծանր մետաղները բաժանվում են 3 դասի.

  • I դաս – մկնդեղ, ցինկ, կապար
  • II դաս –պղինձ, քրոմ, նիկել, կոբալտ, ծարիր, քրոմ
  • III դաս – մանգան, վանադիում

Արսենը հանդիսանում է առաջին աստիճանի վտանգավոր տարր, որը խիստ վնասակար է շրջակա միջավայրի և մարդու առողջության համար: Արսենի միացությունները ևս վտանգավոր են: Այս տարրը կարող է կուտակվել մարդու վահանաձև գեղձում և առաջացնել էնդեմիկ զոբ: Արսենը թունավոր է նույնիսկ փոքր չափաբաժնով: Արսենի առկայությունն օրգանիզմում կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ մաշկային ախտահարում, դիաբետ, սրտանոթային պաթոլոգիա և ուռուցք:

Ցինկը առաջին աստիճանի վտանգավորության տարր է: Ցինկի բարձր կոնցենտրացիաները բույսերում վտանգավոր են՝ հատկապես դրանցով սնվող կենդանիների համար (բրդաթափություն, կաղություն, նյութափոխության թուլացում, անեմիա):


Կապարը համարվում է առաջին աստիճանի վտանգավորության տարր: Կապարի բարձր պարունակությունը կարող է նկատվել արմատավոր բույսերում և այլ բուսական ծագման մթերքներում, որոնք աճում են արտադրական տարածքների հարևանությամբ տեղակայված հողատարածքներում և ճանապարհների եզրերին: Կապարի բարձր կոնցենտրացիաները կարող են առաջանալ հանքարդյունաբերությունից, էլեկտրակայանների աշխատանքից, գազով աշխատող տրանսպորտից: Կապարային թունավորումն առաջացնում է ագրեսիվություն, թերզարգացվածություն, ցրվածություն, գերակտիվություն, վարքագծի փոփոխություններ, լսողության նվազեցում:

Պղինձը և նիկելը հանդիսանում են երկրորդ աստիճանի վտանգավորության տարրեր, որոնք մարդու օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ միկրոտարրեր են: Սակայն այս մետաղների գերնորմտիվային պարունակությունը սննդի մեջ հանգեցնում է օրգանիզմի գործառույթների, այդ թվում նաև վերարտադրության և ժառանգականության խախտմանը:

Քրոմը երկրորդ աստիճանի վտանգավորության տարր է: Քրոմի պարունակության գերազանցումը հողում վատթարացնում է օրգանական նյութերի նիտրատացումը և կատարվում է քրոմի կուտակում բույսերում: Հողում քրոմի կոնցենտրացիայի նույնիսկ քիչ ավելացման դեպքում այն կարող է ունենալ խթանիչ ազդեցություն բույսերի աճի և բերքատվության բարձրացման վրա:


Մանգանը երրորդ աստիճանի վտանգավորության տարր է: Այն կարող է կուտակվել հողում, լճերում և ճահիճներում: Այս տարրը շատ արագ կլանվում և տարածվում է նաև բույսերում, որի բարձր կոնցենտրացիան նպաստում է ածխաջրածնային, սպիտակուցային և ֆոսֆատային նյութափոխանակության խախտմանը: Այն բացասաբար է ազդում հատկապես հացահատիկի գեներատիվ օրգանների ձևավորման, բեղմնավորման և աճի վրա, ինչը հանգեցնում է այդ բույսի կենսագործունեության ընկճմանը և ոչնչացմանը: Մանգանի կուտակումները մարդու օրգանիզմում առաջին հերթին անդրադառնում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության վրա (դա արտահայտվում է հոգնածությամբ, քնկոտությամբ և հիշողության վատացմամբ), ախտահարում է թոքերը, սրտանոթային և լյարդալեղային համակարգերը, առաջացնում է ալերգիկ և մուտագեն ազդեցություն:

Վանադիումը երրորդ աստիճանի վտանգավորության տարր է: Վանադիումի կուտակումը հողում կարող է հանգեցնել բույսերի բերքատվության նվազեցմանը, իսկ կուտակումները մարդու օրգանիզմում՝ առաջացնել որովայնի հատվածում տհաճ զգացողություններ, փորլուծություն, սրտխառնոց և ստամոքսի խանգարումներ, ինչպես նաև մաշկային հիվանդություններ, կանաչավուն լեզու, էներգիայի կորուստ և նյարդային համակարգի խնդիրներ:

Հիմնական աղտոտիչները և դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա

Հողերի որակի գհահատումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N01-Ն հրամանի համաձայն Հավելված 3:

Տվյալների ամփոփում

2021 թվականի հողային ծածկույթի՝ ծանր մետաղներով աղտոտվածության ուսումնասիրման համար դիտարկումներն իրականացվել են Լոռիի, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն Շիրակի մարզի ուսումնասիրված հողերում՝ ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N01-Ն հրամանով սահմանված ՍԹԿ-ները գերազանցում են՝ վանադիումի պարունակությունը՝ 1.1-2.5 անգամ, քրոմի պարունակությունը՝ 1.7-54.0 անգամ, նիկելի պարունակությունը՝ 6.0-37.8 անգամ, պղնձի պարունակությունը՝ 7.7-24.3 անգամ, ցինկի պարունակությունը՝ 2.2-8.3 անգամ, արսենի պարունակությունը՝ 4.0-21.0 անգամ և կապարի պարունակությունը՝ 1.7 անգամ: