AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրներին

14/07/2023

.Հուլիսի 11-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում, Սևանա լճի վրա, տեղի ունեցավ հանդիպում պատվիրակության անդամների և Գերմանիայի Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագրի գործընկերների հետ։
Հանդիպման հիմնական նպատակն էր պատվիրակությանը ծանոթացնել Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրներին և ներկայացնել SEVAMOD2 ծրագրի արդյունքները՝ որպես հայ-գերմանական արդյունավետ համագործակցության օրինակ: Հանդիպման ժամանակ քննարկվեց հայ-գերմանական համագործակցության հետագա հնարավոր հետազոտական թեմաներն ու ուղիները: Երկուստեք փաստվեց համագործակցության հաջող և փոխշահավետ լինելու մասին։ Պատվիրակության կողմից թիմին խրախուսվեց շարունակել այս համագործակցությունը երկու երկրների միջև՝ լուծելու Սևանա լճի և նրա էկոհամակարգի առջև ծառացած մարտահրավերները:
Գերմանական կողմը հայտնեց իր պատրաստակամությունը աջակցելու հայ-գերմանական համագործակցության համատեքստի ընդլայնմանը։
Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Ա. Մեյմարյանը և Տ. Գաբրիելյանը, Գերմանիայի դաշնության Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի և ծրագրի ղեկավար Կառստեն Ռինկեն և ծրագրի համակարգող Մարտին Շուլթցեն, GIZ EU4SEVAN ծրագրի ջրային ռեսուրսների կառավարման գծով խորհրդական Ա․ Առաքելյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ․ Ազիզյանը, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Ս. Աղայանը, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լ. Սահակյանը, և ծրագրի թիմում ներգրավված այլ հետազոտողներ:
Գերմանիայի՝ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում էին.
• Կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգը,
• Գերմանիայի հետազոտական հիմնադրամի (Deutsche Forschungsgemeinschaft) գլխավոր քարտուղար Հայդե Արենսը,
• Գերմանիայի հետազոտական հիմնադրամի (Deutsche Forschungsgemeinschaft) Արտաքին կապերի վարչության պետ Յորգ Շնայդերը,
• Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության աշխատակից Օլիվեր Փիփերը,
• Գերմանիայի տիեզերագնացության կենտրոնի նախարարության նախագծային գրասենյակի ղեկավար (Deutsches Zentrum für Luft- und Raumfahrt) Սասկիա Գալիասը։