AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանական դիտարկումների համակարգն արդիականացվել է

11/07/2023

Հուլիսի 10-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Գեղարքունիքի մարզպես Կարեն Սարգսյանը, ինչպես նաև Ճապոնիայի դեսպանության, ՀՀ կառավարության շահագրգիռ գերատեսչությունների, ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ ծանոթացել են Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի արդյունքներին։ 



Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգային կենտրոնի (ՀՄԿ) տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է կենտրոնի վերազինման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները՝ մասնավորապես նշելով տասնմեկ ավտոմատացված կայանների տեղադրման մասին, որի շնորհիվ Հայաստանի տարածքի մոտ 80 տոկոսում հիդրոօդերևութաբանական կանխատեսումների և մոնիտորինգի արդյունավետությունը բարձրացել է մինչև 95 տոկոս ճշտգրտության։ 
Նա նշել է նաև տեղկատվության կառավարման միասնական համակարգի ներդրման, արբանյակային տեղեկատվության ստացման և մշակման նորացված համակարգի, ՀՄԿ պաշտոնական կայքի և բջջային հավելվածի մշակման մասին, որոնց շնորհիվ եղանակային կանխատեսումների և կլիմայական ռիսկերի վերաբերյալ առկա տվյալների օպերատիվ վերլուծությունն ու հնարավոր սցենարներն անմիջապես հասանելի են դառնում ՀՀ ազգաբնակչությանն ու շահագրգիռ կողմերին։   
Սևանի թերակզղում գտնվող հիդրոօդերևութաբանական կայանում նրանք ծանոթացան տեղադրված նոր ավտոմատ կայանի հնարավորություններին։ 
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող այս կարևոր ծրագրի ֆինանսավորման և ՄԱԶԾ-ի կողմից ծրագրի իրականացման արդյունքում Գեղարքունիքի մարզում ամբողջովին արդիականացվել են հիդրոօդերևութաբաանական կայանները՝ որի շնորհիվ ՀՄԿ-ն կկարողանա իրականացնել  նաև Սևանա լճի եղանակային կանխատեսումները և հատկապես գոլորշիացման մակարդակը, որը նախկինում չէր դիտարկվում։ 
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը, Շրջակա միջավայրի նախարարությանը և բոլոր գործընկերներին արդյունավետ իրականացված ծրագրի համար՝ հույս հայտնելով, որ հետագա ծրագրերը նույնպես կունենան բարձր արդյունքներ՝ Հայաստանի դիմակայունության բարձրացման և կլիմայի փոփոխության և հարմարվողականության կարողությունների զարգացման տեսակետից։ 
Կողմերն առանձնակի կերպով շեշտել են կարճ ժամանակամիջոցում գրանցված տպավորիչ ձեռքբերումները, վստահություն հայտնելով, որ հետագա ծրագրերը էլ ավելի կխորացնեն համագործակցային կապերը Հայաստանի և Ճապոնիայի համապատասխան գիտական  հաստատությունների, գործակալությունների և մասնավոր հատվածի միջև։