AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ու տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցեցին «Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորում գյուղատնտեսության ոլորտում» խորագրով ազգային աշխատաժողովին

13/06/2023

Հունիսի 9-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ու տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցեցին «Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորում գյուղատնտեսության ոլորտում» խորագրով ազգային աշխատաժողովին։
Միջոցառումը կազմակերպվել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից՝ Ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ՝ «Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կլիմայի դիմակայունության զարգացմանը միտված որոշումների կայացման, կարողությունների զարգացման նպատակով գիտելիքների փոխանցում և տեխնիկական աջակցություն» ծրագրի շրջանակներում։
Գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորման ազգային աշխատաժողովի նպատակն էր քննարկել հարմարվողականության բարձրացման առաջնահերթությունների՝ զարգացման ծրագրերի մեջ ներառելու հնարավորությունները՝ երկարաժամկետ և միջնաժամկետ նոր ծրագրերի, այդ թվում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի կիրառմամբ, գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության ընդլայնման առաջնահերթությունների՝ ներդրումային ծրագրերի վերածման հեռանկարներն ու նշված ներդրումային ծրագրերի համարժեք ֆինանսավորման ուղիները գյուղատնտեսության ոլորտի համար։

Աշխատաժողովի՝ «Կլիմայի փոփոխության դիմակայունության բարձրացման մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված խելամիտ պլանավորման հեռանկարները» ենթախորագրով պանելային քննարկման բանախոսներն էին ՀՀ Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Վերջինս ներկայացրեց կենտրոնի կողմից ներկայումս գեներացվող կլիմայական արտադրանքները (երկարաժամկետ կանխատեսումներ, ռիսկերի գնահատում), ինչպես նաև դրանց՝ համապատասխան շահագրգիռ կողմերին տրամադրման եղանականերն ու միջոցները: Փաստելով առկա հիդրոօդերևութաբանական դիտարկումների և գիտականահեն կանխատեսումների խնդիրներից բխող մի շարք մարտահրավերներ՝ պարոն Ազիզյանը ներկայացրեց Հայաստանում կլիմայական կանխատեսումները լավագույն միջազգային փորձին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ քայլերն ու նախաձեռնությունները։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև հարմարվողականության բարձրացմանն ուղղված ներդրումների պլանավորման վերջնարդյունքների կիրառելիության, ծրագրերի զարգացման գործընկերների և մասնավոր սեկտորի ընթացիկ գործունեության, ինչպես նաև ներդրումների պլանավորման գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։