AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Բալիում ամփոփվեց SERCOM-3-ի վեցօրյա նիստը

15/03/2024

Մարտի 13-ին «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագծի շրջանակում ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ներկայացուցիչներ Համազասպ Դանիելյանի և Մարկո Հունցիկերի, Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) ներկայացուցիչներ Մարկո Փութցի և Դոմինիկ Բրաունշվայգերի հետ։ 
FORACCA ծրագրի նպատակն է անտառների մոնիթորինգի և կլիմայի փոփոխության վերաբերյալ տարբեր մակարդակներում միջդիսցիպլինար գիտելիքների և քաղաքականության շրջանակների ընդլայնումը՝ համայնքների համապարփակ ներառականության սկզբունքով։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հակիրճ ներկայացրեց ՊՈԱԿ-ի հիմնական գործունեությունը, ծառայությունների գործառույթները, անտառների մոնիթորինգի, եղանակային, կլիմայական և հիդրոլոգիական կանխատեսումների, ինչպես նաև ձյան դիտարկումների հետ կապված ծրագրի շրջանակին զուգամետ խնդիրները: Մատնանշվեց FORACCA-ի փաստահեն քաղաքականության մշակման միջոցով ոլորտային բացերի և թերությունների շտկման հնարավորությունները։ Լ․ Ազիզյանը նաև նշեց, որ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է համագործակցել ինչպես տեղական (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Բուսաբանության ինստիտուտ, համայնքներ), այնպես էլ միջազգային կառույցների հետ (այդ թվում՝ Հայաստանում շվեցարական համագործակցության գործակալություն, Անտառների, ձյան և լանդշաֆտի հետազոտությունների Շվեյցարիայի դաշնային ինստիտուտ, Օդերևութաբանության և կլիմայաբանության դաշնային գրասենյակ MeteoSwiss, Zoi բնապահպանական ցանց)՝ նպաստելով ծրագրի խնդիրների և նպատակների արդյունավետ իրագործմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախագծի հիմնական նպատակները․ այն է՝ անտառների և լանդշաֆտի վերականգնումը, կլիմայի փոփոխության հարմարվողականությունը և շրջակա միջավայրի կառավարման բարելավումը, Հայաստանի գիտական կարողությունների և գիտելիքների բազայի ամրապնդումը, վերհանվեցին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի՝ որպես առաջնային շահառու, առկա խնդիրները, ինչպես նաև ուրվագծվեցին դրանց լուծմանը միտված համագործակցության եզրերը։ Մասնավորապես կարևորվեց կլիմայական փոփոխության սցենարների մշակումը՝ հիմնված տարածաշրջանային կլիմայական մոդելների վրա, որը հնարավորություն կտա գնահատել Հայաստանի բնական էկոհամակարգերի և տնտեսության տարբեր ոլորտների խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ։
WSL-ի և SDC-ի ներկայացուցիչները ամփոփ նկարագրեցին FORACCA ծրագրի առաջադրված խնդիրների հետ կապված իրենց հետազոտական փորձը, գիտատեխնիկական կարողությունները և դրանց զարգացման միտումները։ FORACCA ծրագիրը, հիմնվելով Շվեյցարիայի անտառների, լանդշաֆտների և կլիմայի հետազոտությունների ոչ պակաս, քան հարյուր տարվա հավաքական փորձի վրա, կնպաստի համապատասխան կլիմայական սցենարների մշակմանը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ջերմոցային գազերի գույքագրման աշխատանքների իրականացմանը։
Ամփոփիչ խոսքում կողմերն ընդգծեցին նմանատիպ հանդիպումների կարևորությունը որպես համագործակցության ամուր նախադրյալ՝ հետագա տասնամյա ժամանակահատվածում անտառամերձ համայնքներում կլիմայական խելացի գործելակերպ ներդնելու և կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանի մարտահրավերների գիտական ըմբռնումը և կարողությունները զարգացնելու նպատակով։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ SERCOM-3-ի հետևյալ էջում՝
https://wmo.int/media/update/sercom-governance-and-collaboration-other