«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով
18/11/2025
Նոյեմբերի 17-ին «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում կայացավ «Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողովը։
Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան՝
- Հայաստանում ԵՄ պատվիրակության շրջակա միջավայրի, կլիմայի և կանաչ տնտեսության ծրագրերի ղեկավար տիկին Սուսանա Մարտինսը,
- Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ տիկին Լիլիթ Աբրահամյանը,
- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն պարոն Լևոն Ազիզյանը,
- «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի տեղական ներկայացուցիչ պարոն Վահագն Տոնոյանը։
Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, Շրջակա միջավայրի նախարարությունից, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ինչպես նաև Վիճակագրական կոմիտեից, Կադաստրի կոմիտեից, Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարություններից։
Աշխատաժողովի հիմնական նպատակը էր՝
- Ներկայացնել ԵՄ անդամ երկրների համագործակցությունը ԵՇՄԳ-ի հետ՝ ընդգծելով դրա կարևորությունը համատեղ գիտելիքների ընդլայնման և բնապահպանական կառավարման բարելավման գործում,
- Քննարկել բնապահպանական տվյալների գնահատման և հաշվետվողականության ոլորտում Հայաստանում առկա ընթացիկ մարտահրավերները,
- Բացահայտել բնապահպանական հաշվետվողականության ազգային գերակայությունները՝ հաշվի առնելով եվրոպական ստանդարտներն ու մոտեցումները։
Զեկույցներով հանդես եկան՝
- Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության փորձագետ Սաբահ Նաիտը,
- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակներում բնապահպանական ինդիկատորների մշակման, «ՀՀ շրջակա միջավայրի վիճակի զեկույցի» զարգացման և ՇՄ պահանջներին համապատասխանեցման քայլերը, նախանշվեցին հետագա գործողությունների առաջնահերթությունները։
