25/04/2025
2025 թվականի ապրիլի 14-17-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ Սանտիագոյի ցանցի Խորհրդատվական խորհրդի չորրորդ հանդիպումը, որին որպես խորհրդի անդամ մասնակցում էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը՝ ներկայացնելով Արևելյան Եվրոպայի պետությունների խումբը (EEG)։
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի և Փարիզյան համաձայնագրի ներքո Սանտիագոյի ցանցը ստեղծվել է 2019 թվականին՝ որպես Վարշավայի միջազգային մեխանիզմի բաղադրիչ, նպատակ ունենալով զարգացող երկրներին աջակցել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող կորուստների և վնասների կանխման, մեղմման և հաղթահարման գործընթացներում։ Ցանցը միավորում է փորձագետների, կազմակերպությունների և կառույցների լայն շրջանակ՝ ապահովելով տեխնիկական աջակցության մատչելիություն այն երկրներին, որոնք առավել խոցելի են կլիմայական ռիսկերի նկատմամբ։
Հանդիպման օրակարգում էին՝
Քարտուղարության գործունեության հաշվետվություն և ռազմավարական փաստաթղթերի քննարկում
Սանտիագոյի ցանցի 2025 թվականի բյուջեի հաստատում
Տեխնիկական աջակցության հասանելիության գործընթացների բարելավում
Ցանցի անդամակցության ընդլայնման ուղիներ
Տարածաշրջանային ներկայության հաստատման որոշում
Հաստատվեց, որ Սանտիագոյի ցանցն ունենալու է տարածաշրջանային համակարգողներ՝ Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան, Լատինական Ամերիկայի և Արևելյան Եվրոպայի համար։ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի սպասարկումն իրականացվելու է Սանտիագոյի ցանցի գլխամասային գրասենյակից՝ Ժնևից։
Տարածաշրջանային ներկայության կառուցվածքը ներառում է նաև UNDRR-ի կամ ՄԱԿ-ի այլ գրասենյակներում գործող ամբողջ դրույքով աշխատակիցներ՝ Դաքարում (LDCs) և Սուվայում (SIDS), ինչպես նաև չորս նշանակված կոնտակտային կետեր՝ Ադիս Աբեբայում, Բարբադոսում, Կահիրեում և Բրյուսելում։
Քննարկումների արդյունքում ստեղծվեցին երկու աշխատանքային ենթակոմիտեներ՝ «Բյուջետային» և «Հակասությունների շահերի»։ Վալենտինա Գրիգորյանը ընտրվեց «Հակասությունների շահերի» ենթակոմիտեի անդամ՝ նպաստելու ցանցի թափանցիկությանը և շահերի բախման ռիսկերի նվազեցմանը: