AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում կայացավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում բույսերի բազմազանության մոնիթորինգ» հնգամյա ծրագրի մեկնարկի միջոցառումը

17/04/2023

Ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում կայացավ «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում բույսերի բազմազանության մոնիթորինգ» հնգամյա ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցում էին նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ։
Միջոցառման ընթացքում գործակցային հարաբերությունների ընդլայնման և խորացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Կողմերը պայմանավորվեցին սկսել երկարաժամկետ համագործակցություն՝ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում (այսուհետ՝ ԲՀՊՏ), անտառային տարածքներում և բուսական աշխարհի օբյեկտների այլ աճելավայրերում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման նպատակով։
Կողմերն՝ օգտագործելով իրենց գիտական ներուժի ունակությունները,
կիրականացնեն գիտահետազոտական համատեղ ուսումնասիրություններ՝ Հայաստանում կենսաբազմազանության պահպանման և զարգացման վերաբերյալ,
համատեղ կմասնակցեն ներպետական և միջազգային դրամաշնորհային ծրագրերի/կազմակերպությունների կողմից առաջարկված մրցույթների՝ կենսաբազմազանության մոնիթորինգի, բնապահպանական և կլիմայի փոփոխության ոլորտներին առնչվող գիտատեխնիկական կարևորություն և արդիականություն ներկայացնող գիտակիրառական հետազոտական նախագծերով,
Բուսաբանության ինստիտուտը «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին կտրամադրի մոնիթորինգի արդյունքում հավաքագրված տվյալները, իսկ վերջինս կաջակցի այդ տվյալների վերլուծության և քարտեզագրման հարցում,
կիրականացնեն վերապատրաստումներ և կաջակցեն միմյանց՝ ելնելով կողմերի մասնագիտական կարիքներից, այդ թվում՝ բուսատեսակների նույնականացում, քարտեզագրում, հեռազննման տվյալների վերլուծություն և այլն։