AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ուղերձ

21/03/2023

Անտառային ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ և անտառագետներ, 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական ​​տոնի առթիվ։
2012 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Անտառների միջազգային օր, իսկ մեր հանրապետությունում կառավարության որոշմամբ 2022 թվականից նշվում է որպես անտառագետի օր։
Այս տարի տոնի հետ կապված միջոցառումներն իրականացվում են «Անտառները և առողջությունը» կարգախոսի ներքո՝ ընդգծելով այն կարևորագույն դերն ու նշանակությունը, որն ունեն անտառները մարդկային առողջության պահպանման գործում։ Անտառներն ուղղակի և անուղղակի կերպով ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա՝ բարելավելով վերջիններիս կյանքի որակը։
Անտառները մաքրում են ջուրը, օդը, կլանում ածխաթթու գազը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ապահովում պարենով և կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներով, բարելավում մարդկանց բարեկեցությունը։ Այդ իսկ պատճառով այս տարվա կարգախոսով կոչ է արվում ոչ միայն վերցնել, այլև՝ տալ, քանզի առողջ անտառներն առողջություն են պարգևում մարդկանց։
Այսօր մի շարք գործոնների հետ միասին հանրային առողջության էական սպառնալիք է հանդիսանում նաև կլիմայի փոփոխությունը։ Բազմաթիվ են վկայությունները, որ ջերմաստիճանի բարձրացումն ազդում է մարդու առողջության վրա՝ նպաստելով հիվանդացության և մահացության ցուցանիշների բարձրացմանը։ Այս համատեքստում անտառի կայուն կառավարումն ու անտառային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, անտառածածկ և կանաչ տարածքների ավելացումն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն կլիմայի փոփոխության դեմ պայքարում, այլ նաև հանրային առողջության պահպանման գործում՝ նպաստելով ներկա և ապագա սերունդների բարեկեցությանը։
Մենք պետք է գիտակցենք, որ անտառը բնության կողմից մեզ տրված անգնահատելի հարստության և առողջության աղբյուր է՝ հատկապես աշխարհում անտառների ոչնչացման դեռևս մտահոգիչ աճի տեմպերով պայմանավորված։
Համարվելով սակավանտառ երկիր՝ մեզ համար անտառն ունի կարևոր ռազմավարական նշանակություն․ այն հանդիսանում է նաև շրջակա միջավայրի անվտանգության երաշխիք և էկոզբոսաշրջության հեռանկարային ճյուղ։
Բնության այս անգնահատելի ռեսուրսի՝ անտառի, պահպանումը, վերականգնումը և հետագա սերունդներին փոխանցումը մեր յուրաքանչյուրի պարտքն է։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության աշխատակիցներին՝ իրենց նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։
Անտառային ոլորտի հարգելի՛ աշխատողներ մեկ անգամ ևս ընդունեք շնորհավորանքս անտառագետի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն և խաղաղություն:  

Հարգանքով՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ․ Ազիզյան