AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխությունը սպառնում է էներգետիկ անվտանգությանը․ երկրները պետք է եռապատկեն ներդրումները վերականգնվող էներգիայի ոլորտում

26/10/2022

Այս տարվա Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Կլիմայական ծառայությունների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը նվիրված է էներգետիկայի ոլորտին, քանի որ հենց էներգետիկան է հանդիսանում կայուն զարգացման և կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի և մոլորակի առողջության բանալին:

Զեկույցի համաձայն՝ մաքուր աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է կրկնապատկվի առաջիկա ութ տարիների ընթացքում՝ սահմանափակելու համար գլոբալ ջերմաստիճանի աճը: Հակառակ դեպքում, վտանգ կա, որ կլիմայի փոփոխությունը, վտանգավոր եղանակային երևույթները և ջրի սակավությունը կխաթարեն մեր էներգետիկ անվտանգությունը և նույնիսկ կվտանգեն վերականգնվող էներգիայի մատակարարումը:

«Էներգետիկ ոլորտն առաջացնում է ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների մոտ երեք քառորդ մասը: Էլեկտրաէներգիայի արտադրության էկոլոգիապես մաքուր ձևերի անցումը, ինչպիսիք են արևային էներգիան, հողմային էներգիան և հիդրոէներգիան, ինչպես նաև էներգաարդյունավետության բարելավումը կենսական նշանակություն ունեն 21-րդ դարում մեր բարգավաճման համար: Նպատակն է 2050 թվականին համաշխարհային գումարային զրոյական արտանետումներին հասնելը, իսկ դրան կարող ենք հասնել միայն այն դեպքում, եթե առաջիկա ութ տարիների ընթացքում կրկնապատկենք էլեկտրաներգիայի արտադրությունը՝ պահպանելով արտանետումների ցածր մակարդակը», - ասել է ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար պրոֆեսոր Պետեր Թաալասը:
«Ժամանակը խաղում է մեր դեմ, իսկ կլիման փոխվում է մեր աչքի առաջ։ Մենք պետք է ամբողջությամբ վերափոխենք գլոբալ էներգետիկ համակարգը»,- ասել է պրոֆեսոր Թաալասը:
Եղանակի, ջրի և կլիմայական ծառայությունների, ինչպես նաև հուսալի տեղեկատվության հասանելիությունը գնալով ավելի կարևոր կլինի էներգետիկ ենթակառուցվածքների կայունությունը բարելավելու և աճող պահանջարկը բավարարելու համար (վերջին տասը տարիների ընթացքում այն աճել է 30%-ով):
«Կլիմայական ծառայությունների վիճակ-Էներգետիկա» 2022 թվականի զեկույցում կան շատ լավ նորություններ: Այնտեղ ընդգծվում է կանաչ էներգիայով աշխատող ցանցերի հսկայական հնարավորությունները՝ օգնելու լուծել կլիմայի փոփոխության խնդիրը, բարելավել օդի որակը, պահպանել ջրային ռեսուրսները, պաշտպանել շրջակա միջավայրը, ստեղծել աշխատատեղեր և ապահովել ավելի լավ ապագա բոլորիս համար: