AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Գլոբալ համագործակցություն՝ հանուն Երկրի վրա կյանքի պաշտպանության». այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

16/09/2022

Ներկայում օզոնային շերտի քայքայումը համամոլորակային խնդիր է։ Մթնոլորտում օզոնի ընդանուր քանակությունը մեծ չէ՝ մոտ 3․3 մլրդ տ, սակայն այն մարդու և մյուս կենդանի օրգանիզմների համար կենսականորեն անհրաժեշտ է, քանի որ պաշտպանում է Արեգակի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից, այն գտնվում է վերնոլորտում։
Նկատի ունենալով նրա կարևորությունը՝ աշխարհի պետությունները 1987թ. ստորագրեցին Մոնրեալի արձանագրությունը, որպես համամոլորակային խնդրի համամոլորակային անդրադարձի միջոց։ Այդ օրվանից Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը նշվում է սեպտեմբերի 16-ին, որը նաև Մոնրեալի արձանագրության ստորագրման օրն է։

1995թ․ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քլորֆտորածխածինների (ՔՖԱ) մոլեկուլները, որոնք մթնոլորտ են ընկնում մարդու տնտեսական գործունեության հետևանքով, ընդունակ են քայքայել մեր մոլորակի օզոնային շերտը։ Հաստատված է, որ քլորի մեկ մոլեկուլը կարող է քայքայել օզոնի մի քանի միլիոն մոլեկուլ: Քլորֆտորածխաջրածիններն առավել հայտնի են ֆրեոններ անվամբ և լայնորեն կիրառվում են սառնարանների, կոսմետիկայի արտադրության մեջ, ինչպես նաև արդյունաբերության այլ ճյուղերում։ Մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ առաջանում են ինչպես մեքենաների, այնպես էլ հրթիռային շարժիչների աշխատանքի ժամանակ։ Միաժամանակ օզոնային շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու իոնացնող, ռենտգենյան և ուլտրամանուշակագույն ճառագայթների կարճալիք մասը՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն Երկրի մակերևույթ, հետևաբար օզոնային շերտի հաստության նվազումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև` մարդու կյանքը։ Մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը, ինչպես նաև նվազում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը: Մթնոլորտի այն հատվածները, որտեղ նկատվում էին օզոնի քանակի կտրուկ նվազումներ, անվանվեցին օզոնային անցքեր։

Հայաստանում օզոնոմետրական դիտարկումներն իրականացվում են Ամբերդ դժվարամատչելի օդերևութաբանական կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով` օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ :
Ամբերդ օդերևութաբանական կայանից ստացված դիտանյութերի արդյունքները սահմանված կարգով մշակվում և ուղարկվում են ՀՕԿ-ի Օզոնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն (WOUDC):
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենօրյա տեղեկագրի և Օզոնի ազգային կենտրոնի պաշտոնական կայքի համար կատարվում է Հայաստանի մարզերի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսների տվյալ և հաջորդ օրերի համար կանխատեսումների հաշվարկ։ Կանխատեսման համար օգտագործվում են Կանադայի շրջակա միջավայրի արբանյակային օզոնի ընդհանուր պարունակության Երկրագնդի հյուսիսային կիսագնդի հաշվարկային քարտեզագրված տվյալները, պարզ երկնքի դեպքում, որոնք ենթարկվում են բաժնում հետագա մշակման՝ հաշվի առնելով ընդհանուր ամպամածության կանխատեսումները և պայմանական հաստատուն բնութագրիչները՝ տեղանքի բարձրություն, հորիզոնի փակվածություն՝ ըստ մարզերի։

Օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ-ն) մակարդակները դասակարգվում են հետևյալ կերպ․
բարենպաստ մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի մինչև 6 արժեքով,
անբարենպաստ մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 6 և 7 արժեքներով,
վտանգավոր մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 8-10 արժեքներով,
արտակարգ բարձր մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 11 և ավելի բարձր արժեքներով։
Ինդեքսների 6 և ավելի բարձր արժեքները կանխատեսելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի օպերտիվ արտադրական ստորաբաժանում, որից հետո տրվում է ուշադրություն հրահանգը՝ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից 11։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։