AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է ջերմաստիճանը

02/09/2022

Ջերմաստիճանն օդի ջերմային վիճակը բնութագրող մեծություն է, եղանակի և կլիմայի իրավիճակը բնութագրող կարևոր տարր։
1597թ․-ին Գալիլեո Գալիլեյը ստեղծեց առաջին ջերմաչափը (1-ին նկար)։ 
Օդի ջերմաստիճանը չափում են տարբեր միավորներով, սակայն ամենատարածվածը և կիրառվողը Ցելսիուսի սանդղակն է։  
Երկրի մակերևույթի ջերմային վիճակն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների, ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում: 
Օդի ջերմաստիճանի օրական տատանման վրա զգալի ազդում են մի շարք գործոններ՝ ռելիեֆը, աշխարհագրական լայնությունը, ամպամածությունը և մթնոլորտի շրջանառությունը։ 
Օդի ջերմաստիճանը չափվում է բացարձակ ստվերում, գետնի մակերևույթից 2մ բարձրության վրա։ Օդերևութաբանական կայաններում ջերմաչափերը տեղադրում են հատուկ օդերևութաբանական տնակներում, ինչն ապահովում է բացարձակ ստվեր և ազատ օդափոխանակություն։

Եթե ջերմաչափը տեղադրված է ոչ բացարձակ ստվերում, և արեգակի ճառագայթներն ընկնում են ջերմաչափի սնդիկի վրա, ջերմաչափը ցույց է տալիս ոչ թե օդի ջերմաստիճանը, այլ արեգակի ճառագայթների ջերմաստիճանը։ 
Հաճախ են մարդիկ ասում ջերմաստիճանը կանխատեսված էր օրինակ +36 աստիճան, սակայն ջերմաչափը ցույց է տալիս +50 աստիճան։ Նման կարծիքներ առաջանում են հենց այն ժամանակ, երբ ջերմաչափը տեղադրված է լինում ոչ թե ստվերում, այլ արեգակի ճառագայթների անմիջական ազդեցության տակ։
Օդի տաքացման և սառեցման պրոցեսը սկսում է երկրի մակերևույթից։ 
Ցերեկային ժամերին արեգակի ճառագայթները, ընկնելով երկրի մակերևույթին, տաքացնում են այն։ Օդը, շփվելով տաքացած երկրի մակերևույթի հետ, մոլեկույլար և տուրբուլենտ ջերմահաղորդակցության շնորհիվ սկսում է տաքանալ։
Օդի տաքացումը շարունակվում է ցերեկը մինչև ժամը 16։00-17։00-ը։ Այս ժամերին էլ գրանցվում է օրվա ամենաբարձր ջերմաստիճանը։ 
Ըստ բարձրության, յուրաքանչյուր 1000մ բարձրանալիս օդի ջերմաստիճանը միջինը նվազում է 6 աստիճանով, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ որքան բարձրանում ենք դեպի վեր այնքան հեռվանում ենք տաքացվող մակերեսից, այսինքն երկրի մակերույթից և օդի ջերմաստիճանը սկսում է նվազել։
Սա է պատճառը, որ լեռնագագաթների վրա օդի ջերմաստիճանը շատ ավելի ցածր է, քան դաշտավայրերում։  
Տարվա տաք ժամանակահատվածում օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում մոտ 30-32 աստիճանով ավելի տաք է, քան Արարատ լեռան մերձգագաթային մասում։
Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը սկսում է նվազել։ Մայրամուտից հետո ցերեկը տաքացած երկրի մակերևույթը իր ջերմությունը ճառագայթում է տիեզերական տարածություն, ինչի հետևանքով ինտենսիվ սկսում է սառչել։ Երկրի մակերևույթի սառչելու հետևանքով նվազում է օդի ջերմաստիճանը, որը իր նվազագույն արժեքին է հասնում արևածագի պահին, որից հետո կրկին սկսում է բարձրանալ։
Ձմեռային ամիսներին հանրապետության միջլեռնային գոգավորություններում կարող է տեղի ունենալ հակառակ երևույթը, որ օդի ջերմաստիճանը ոչ թե ըստ բարձրության նվազի, այլ հակառակը բարձրանա։ Այս երևույթը կոչվում է ջերմաստիճանային ինվերսիա և առաջանում է այն ժամանակ, երբ միջլեռնային գոգավորություններում դիտվում է սառը օդի լճացում։ Նման դեպքերում հանրապետության ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը լինում է շատ ավելի ցածր, քան բարձրլեռնային շրջաններում։