07/07/2022
Հուլիսի 6-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ հուլիսի 6-8-ը «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի օդի որակի մոնիթորինգի առաքելության շրջանակներում Հայաստան ժամանած Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության փորձագետներ պրն Քրիստիան Նագլի, տկն Իրիս Բուքսհաումի, պրն Վալենտին Բոնդարենկոյի հետ։
Ողջույնի խոսքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և մինչ այդ կատարված աշխատանքների համար։
Լ․ Ազիզյանը կարևորեց օդի որակի մոնիթորինգի հայեցակարգի մշակման աշխատանքների ավարտումը մոտ ժամանակներում, ինչը կարող է հանդիսանալ հիմնարար փաստաթղթերից մեկը դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքներում։ Հանդիպման ընթացքում, որպես պիլոտային լուծում, քննարկվեցին օդի որակի մոնիթորինգի երկու դիտակայանների վերազիննման և կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
Առաքելության նպատակն է վերջնական տեսքի բերել «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում մշակված Հայաստանի օդի որակի մոնիթորինգի հայեցակարգի նախագիծը, ինչպես նաև «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար․ ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի արդյունք 2․3-ի շրջանակներում (2․3․2 Օդի որակի մոնիթորինգի և հարակից տվյալների ծառայությունների բարելավում, 2․3․3 Օդի որակի աղտոտիչների արտանետումների գույքագրման բարելավում) նախանշել առաջիկա 2 տարվա անելիքները։
Այնուհետև փորձագետներն այցելեցին Երևանում գտնվող օդի որակի մոնիթորինգի դիտակայաններ և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Կենտրոնական լաբորատորիա։