AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կայացել է REANET նախագծի իրականացման հարցերով աշխատանքային խորհրդակցությունը

22/04/2022

Կայացել է REANET նախագծի իրականացման հարցերով աշխատանքային խորհրդակցությունը Ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման /REANET/ նախագծի իրականացման հարցերի վերաբերյալ։ Աշխատաժողովն անցկացվում էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։ Նախագիծը ենթադրում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ազգային ռադարային և օդերևութաբանական համակարգերի տվյալների ինտեգրում, եղանակային պայմանների շարունակական մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծում, իրական ժամանակում տեղեկատվության փոխադարձ հասանելիության ապահովում։ Ծրագրի առաջնահերթ նպատակներից է նաև վտանգավոր օդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման գործառույթի ապահովումը՝ արագ կանխարգելման և հնարավոր վնասների մեղմման նպատակով։ Տեսակոնֆերանսին մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ երկրների /Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի/ տարբեր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների, ՌԴ ԱԻՆ, Ռոսավիացիայի, «Ալմազ» գիտաարտադրական միավորման, ВЭБ.РФ զարգացման պետական կորպորացիայի ներկայացուցիչներ։ Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ա․ Դոնչենկոյի գլխավորությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության վարչության ղեկավար Միխայիլ Միսկինը՝ անդրադառնալով REANET նախագծի իրականացմանը, վտանգավոր օդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի կարևորությանը՝ նշելով, որ դրանք կարևոր են տնտեսության բոլոր ոլորտների համար։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Վերջիններս իրենց խոսքում անդրադարձան REANET ծրագրի իրականացման, ռադիոլոկացիոն օդերևութաբանական միասնական տվյալների, վտանգավոր օդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի կարևորությանը: Տեսակոնֆերանսի ընթացքում «Ալմազ» գիտաարտադրական միավորման և Ռոսհիդրոմետի Կենտրոնական աէրոլոգիական դիտակայանի ներկայացուցիչները հանդես եկան REANET նախագծի վերաբերյալ պրեզենտացիաներով։ Զեկույցով հանդես եկան նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) ներկայացուցիչները՝ ներկայացնելով ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների կիրառումը տարբեր ոլորտներում։ Հանդիպման ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին քննարկվող թեմաների նկատմամբ։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա փոխգործակցության և լրացուցիչ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ՝ կապված ռադիոլոկացիոն համակարգի ստեղծման և REANET ծրագրի իրագործման հետ: Որոշվեց ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի REANET ծրագրի հայեցակարգը։