AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվություն» աշխատանքային խմբի (WGEMA) 24-րդ նիստը

14/04/2022

Ապրիլի 11-ին, 12-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվություն» աշխատանքային խմբի (WGEMA) 24-րդ նիստը, որին որպես աշխատանքային խմբի անդամ մասնակցում էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գ․ Շահնազարյանը։
Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել և քննարկվել են․
Ս․թ հոկտեմբերի 5-7-ը Կիպրոսի Նիկոսիա քաղաքում կայանալիք «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 9-րդ նախարարական համաժողովի ժամանակ ներկայացվող շրջակա միջավայրի նախարարների հռչակագրի, Շրջակա միջավայրի գնահատման համաեվրոպական զեկույցի, Հիմնական ուղերձների և քաղաքականության առաջարկությունների նախագծերը,
«Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 9-րդ նախարարական համաժողովի հիմնական առաջարկվող թեմաները՝ Կանաչ տնտեսությունը համաեվրոպական տարածաշրջանում, Շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառումը կայուն զբոսաշրջության մեջ և այլն,
Շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի վերջին զարգացումները և առնչվող հետագա քայլերը,
Շրջակա միջավայրի վիճակը և տենդենցները համաեվրոպական տարածաշրջանում,
Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման հետ կապված տնտեսական, սոցիալական և բնապահպանական տվյալների փոխանակումը և ինտեգրումը,
Շրջակա միջավայրի մոնիթորինգի և գնահատման առաջընթացը, ներառյալ ինստիտուցիոնալ և կարգավորող մեխանիզմները և ենթակառուցվածքները ազգային մակարդակով,
Շրջակա միջավայրի մոնիթորինգի համար նոր տեխնոլոգիաների, մեծ տվյալների, արհեստական բանականության և Երկրի դիտարկման հետ կապված զարգացումները:
Աշխատանքային հանդիպմանը Գ․ Շահնազարյանը ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի անդամ Ն․ Բաղդասարյանի հետ համատեղ հանդես եկան ելույթով՝ ներկայացնելով Շրջակա միջավայրի մոնիթորինգի ցանցերի և դիտարկումների արդիականացումը, բնապահպանական հաշվետվությունների, վերլուծությունների և գնահատումների պատրաստումը Հայաստանում` հիմնված բնապահպանական տեղեկատվության և ցուցիչների վրա, տվյալների որակի ապահովման և վերահսկման, ինչպես նաև տվյալների կառավարման բարելավումները։
ՄԱԿ ԵՏՀ Շրջակա միջավայրի մոնիթորինգի և գնահատման ծրագրի վերաբերյալ, Շրջակա միջավայրի գնահատման համաեվրոպական զեկույցի, Հիմնական ուղերձների և քաղաքականության առաջարկությունների նախագծերին կարող եք ծանոթանալ այս հղումով
https://unece.org/environment-policy/environmental-monitoring-and-assessment?fbclid=IwAR1WPBBel_Im6dqbk0OAx3qenuo1MyLM5S2RRKp7mMz7771NVPqDUaL8taE