AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՎ ՋՐԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԼԵՎՈՆ ԱԶԻԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

22/03/2022

Հարգելի՛ ջրաբաններ և ջրային ոլորտի աշխատողներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ջրի համաշխարհային օրը թվագրվում է 1992 թվականով, իսկ արդեն 1993 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր և առաջարկվել է այդ օրն անցկացնել միջոցառումներ, նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի:
Կարևորելով ջրաբանների մասնագիտական դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ և բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ Շրջակա միջավայրի նախարարության ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ 2022 թվականի հունվարի 27-ից ՀՀ կառավարության թիվ 86-Ն որոշման համաձայն մարտի 22-ը նշվում է որպես «Ջրաբանի օր»:
Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի ՋՈՒՐ կառույցը Ջրի համաշխարհային օրվա շրջանակում սահմանում է տվյալ տարվա թեման և կարգախոսը՝ ուշադրության կենտրոնում պահելով այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։
2022 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է «ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ», իսկ կարգախոսը՝ «ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՎ»։ Ստորերկրյա ջրերը մարդու աչքի համար անտեսանելի են, սակայն դրանց ազդեցությունը նկատելի է ամենուր։ Տեսադաշտից հեռու, մեր ոտքերի տակ ստորերկրյա ջրերը հանդիսանում են թաքնված հարստություն: Գրեթե բոլոր հեղուկ քաղցրահամ ջուրը աշխարհում ստորերկրյա ջրերն են, որոնք ապահովում են խմելու ջրի, գյուղատնտեսության, արդյունաբերության և էկոհամակարգերի ջրամատակարարումը։ Ստորերկրյա ջրերը վճռորոշ դեր են խաղում կլիմայի փոփոխության հարմարվելու գործում։
Հայաստանում ստորերկրյա ջրերը օգտագործվում են խմելու ջրամատակարարման (խմելու ջրամատակարարման 96%-ը իրականացվում է ստորերկրյա ջրերից), ոռոգման, ձկնաբուծության և տնտեսական գործունեության այլ ոլորտներում:
Ստորերկրյա ջրերի հետազոտությունը, պաշտպանությունը և կայուն օգտագործումը առանցքային նշանակություն կունենան գոյատևման, կլիմայի փոփոխության հարմարվողականության և աշխարհի աճող բնակչության կարիքների բավարարման համար և այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը։
Լինելով Հայաստանի Հանրապետությունում ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորինգի պատասխանատու կառույց՝ մենք շարունակաբար բարելավում ենք ստորերկրյա ջրային ռեսուրսների հիդրոերկրաբանական և հիդրոքիմիական մոնիթորինգը, արդիականացնում դիտացանցը, զարգացնում տեխնիկական և մասնագիտական կարողությունները, ինչը ջրային ռեսուրսների կայուն կառավարման հիմնական գործիքն է:
Այսօր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատում եմ մեծ փորձառություն ունեցող հիդրոլոգներ, հիդրոերկրաբաններ, հիդրոքիմիկներ, որոնք մեծ պատասխանատվությամբ և նվիրվածությամբ են իրականացնում իրենց աշխատանքներրը:
Շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Հայաստանում հիդրոլոգիայի ոլորտի զարգացման գործում: