AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Անտառագետի օրվան նվիրված ուղերձը

21/03/2022

Անտառային ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ և անտառագետներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։
Ինչպես գիտենք, 2012 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Անտառների միջազգային օր։ Կարևորելով անտառագետի մասնագիտութունը` Շրջակա միջավայրի նախարարությունն ու Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը, որն իրականացնում է երկրում անտառների մոնիթորինգը, ներկայացրել էին կառավարության որոշման նախագիծ՝ մարտի 21-ը ՀՀ-ում որպես Անտառագետի օր նշելու վերաբերյալ։ Արդեն իսկ համաձայն Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 86-Ն որոշման՝ մարտի 21-ը ՀՀ-ում նշվում է որպես Անտառագետի օր։
Այս տարի տոնի հետ կապված միջոցառումներն իրականացվում են «Անտառների կայուն արտադրությունն ու սպառումը՝ ի շահ մարդկանց և մոլորակի» կարգախոսի ներքո՝ այսպիսով ընդգծելով այն կարևորագույն առաքելությունը, որը մենք պետք է իրականացնենք մեր ամենօրյա աշխատանքում։
Ճիշտ է, Հայաստանը սակավանտառ երկիր է, տարածքի մոտ 10.8% են զբաղեցնում անտառները, սակայն հարկ է նշել, որ անկախացումից ի վեր տարիներ շարունակ անտառը հանդիսացել է մարդկանց գոյատևման աղբյուր։ Ուստի, անտառների պահպանումը, վերականգնումը և ռացիոնալ օգտագործումը ոչ միայն մասնագետների, այլև յուրաքանչյուրիս պարտականությունն է։
Անգնահատելի է հատկապես անտառների դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, որը մերօրյա լուրջ մարտահրավեր է ողջ մոլորակի համար։ Այս համատեքստում հատկապես կարևոր նշանակություն ունեն անտառների կայուն կառավարման և անտառվերականգնման աշխատանքների իրականացումը, կանաչ տարածքների ավելացումը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորագույն գործոն։
Չնայած այս բոլոր էկոլոգիական, տնտեսական, սոցիալական և առողջապահական օգուտներին, աշխարհում անտառների ոչնչացումը դեռևս մտահոգիչ տեմպերով աճում է։
Մենք պետք է գիտակցենք, որ անտառը բնության կողմից մեզ տրված անգնահատելի հարստության և առողջության աղբյուր է, շրջակա միջավայրի անվտանգության երաշխիք և էկոզբոսաշրջության հեռանկարային ճյուղ և համատեղելով բոլորիս ջանքերը՝ կարող ենք միասին պաշտպանել այս կարևոր և վերականգնվող ռեսուրսը՝ անտառների կայուն կառավարման օգնությամբ։
Այս տոնական օրը պետք է մեր շնորհակալությունը հայտնենք ՀՀ բոլոր անտառագետներին, որոնց համար անտառի պահպանությունն ու պաշտպանությունը ոչ միայն աշխատանք է, այլ` կոչում:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության աշխատակիցներին, ովքեր ջանք չեն խնայում անտառների մշտադիտարկման աշխատանքներն իրականացնելու համար և օգնում որոշում կայացնողներին անտառների կայուն կառավարման գործընթացում:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորական խոսքս հղել Ձեզ՝ Ձեր պրոֆեսիոնալիզմի և աշխատանքին նվիրվածության համար։
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և խաղաղություն:
Հարգանքով՝ Լ․ Ազիզյան