23/11/2021
ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը նոյեմբերի 19-ին «Թափոնների հիմնախնդիրները» թեմայով առցանց դասընթացներ անցկացրեց Լոռու մարզի Վանաձորի 21-րդ հիմնական դպրոցի` 8-րդ դասարանի և Հարթագյուղի միջնակարգ դպրոցի` 11-16 տարեկան տարիքային խմբի աշակերտների համար։
Մինչ դասընթացի հիմնական թեմային անցնելը, մասնակիցների հետ քննարկվեցին իրենց մարզին և համայնքին բնորոշ բնապահպանական խնդիրները, կարևորվեց յուրաքանչյուրի դերն այդ խնդիրների մասին իրազեկվածության և դրանց լուծման գործընթացներին մասնակցության առումով։ Ներկայացնելով Հայաստանում թափոնների կառավարման հիմնախնդիրները` Օրհուս կենտրոնի համակարգողը մասնավորապես անդրադարձավ կոշտ թափոններին, շեշտելով շրջակա միջավայրի, կենդանական աշխարհի և մարդկանց առողջության վրա դրանց բացասական ազդեցությունների մասին։ Դասընթացավարը նշեց, որ ըստ ոլորտի փորձագետների` տարեկան 6 մլն 300 հազար տոննա աղբ է լցվում համաշխարհային օվկիանոս, դրա մեծ մասը կազմում են պլաստիկները, որոնք պատճառ են դառնում 1 մլն թռչունների, 100 հազար ծովային կաթնասունների Գ բազմահազար ձկնային վտառների ոչնչացմանը, հավելելով, որ համաշխարհային օվկիանոսում արդեն գոյացել են պլաստիկե կղզիներ և եթե մոլորակի բնակչությունը չփոխի իր վարքագիծը, ապա 2050 թվականին մարդկությունը կհայտնվի համաշխարհային աղետի առջև։
Խոսվեց նաև աղբավայրերի, կայուն օրգանական աղտոտիչների, աղբի այրման վտանգավոր հետևանքների մասին։