AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 12-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը հյուրընկալել էր ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ուսանողներին

15/10/2021

Հոկտեմբերի 12-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանի ագրարային համալսարանի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներին «Անտառագիտություն և ագրոէկոլոգիա» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Մ.Մարկոսյանի և «Կայուն ագրոպարենային համակարգեր» առարկայի դասախոս Լ․Մաթևոսյանի ուղեկցությամբ։
Մասնակիցներին ողջունեց և մասնագիտական խորհուրդներ տվեց բնապահպանության ոլորտի փորձառու մասնագետ, ներկայումս «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական պարոն Ս․ Պապյանը` իր ելույթում կարևորելով երիտասարդների իրազեկվածությունը և մասնակցությունը շրջակա միջավայրի խնդիրների քննարկման գործընթացներին։
Այցելուների համար Օրհուս կենտրոնը կազմակերպել էր սեմինար՝ «Օրհուսի կոնվենցիան և բնապահպանական տեղեկատվության աղբյուրները» թեմայով։
Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց Օրհուսի՝ շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան։
Մագիստրանտների ակտիվ մասնակցությամբ քննարկվեցին այն դրական օրինակները, երբ բնապահպանների և ակտիվիստների համառ ջանքերի շնորհիվ, հաջողվել է վերանայել, փոփոխել ընդունված որոշումները՝ ի շահ բնության։
Մասնակիցները ծանոթացան նաև բնապահպանական տեղեկատվության աղբյուրներին՝ օդի, ջրի, հողերի, թափոնների և այլ բաղադրիչների որակական և քանանակական տվյալներին, որոնք ներկայացված են Շրջակա միջավայրի նախարարության և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կայք էջերում։
Ներկայացվեցին նաև բնապահպանական տեղեկատվության մի շարք այլ աղբյուրներ, այդ թվում Օրհուս կենտրոնի գրադարանը, որից տեղում օգտվեցին և այսուհետ ևս կօգտվեն այցելուները։
Օրհուսի կոնվենցիան շատ կարևոր դեր ունի ուսանողների համար, թե′ մասնագիտական կայացման, թե′ կյանքում իրենց էկոլոգիական իրավունքների պաշտպանության գործում։ նմանատիպ հանդիպումները շարունակական են լինելու: