AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 32-րդ նստաշրջանը

04/10/2021

Այսօր մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 32-րդ նստաշրջանը, որին առցանց ձևաչափով մասնակցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․ Ազիզյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՇՄՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Ա․Նիկոյանը։
Նստաշրջանին մասնակցում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։
Նիստը մեկնարկեց Ռուսհիդրոմետի ղեկավար Ի․Շումակովի ելույթով՝ որպես 31-րդ նստաշրջանի նախագահ։ Այնուհետև ԱՊՀ ՀՄԽ 32-րդ նստաշրջանի նախագահությունը փոխանցվեց ՀՀ ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․Ազիզյանին։
Ելույթով հանդես եկան ՀՕԿ պատվիրակության ղեկավար, ՀՕԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ե․ Մանաենկովան, ԱՊՀ Գործադիր կոմիտեի պատվիրակության ղեկավար Ա․ Բուրովը։ Այնուհետև յուրաքանչյուր անդամ-երկիր ներկայացրեց Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների 2020-2021թթ․ ձեռքբերումներն ու փոխգործակցությունը ԱՊՀ և ՀՕԿ շրջանակներում։
Նստաշրջանի օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝

  1. ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի համաձայնագրի իրականացման ընթացքը,
  2. ԱՊՀ անդամ-երկրների հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության իրականացման պլանի ընթացքը,
  3. ԱՀՕԾ դիտարկման ցանցերի արդիականացումը,
  4. ԱՊՀ տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների օդերևութաբանական ապահովման կազմակերպումը և զարգացումը,
  5. ԱՊՀ ՀՄԽ ԱՀՕԾ անդամ-երկրներում հիդրոկենսաբանական դիտարկումների իրականացումը,
  6. ԵԱՏՄ երկրների օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտի ստեղծումը և այլն։

Նստաշրջանի օրակարգում ներառված են նաև հարցեր գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների, կադրերի վերապատրաստման, տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերի վերաբերյալ, ինչպես նաև մի շարք կազմակերպչական հարցեր։
ԱՊՀ ՀՄԽ աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրին ոլորտային ձեռքբերումները։
Հարկ է նշել, որ նստաշրջանի անցկացումը կարևոր է ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետագա զարգացման համար, հատկապես, որ դրանց ընթացքում քննարկվում են ծառայությունների գործունեությանը, ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացմանը նվիրված կարևորագույն հարցեր և ընդունվում որոշումներ, որոնք դառնում են հիմնարար փաստաթղթեր ԱՊՀ անդամ պետությունների հիդրոօդերևութաբանական ծառայությունների գործունեության համար:
ԱՊՀ ՀՄԽ Կանոնակարգի համաձայն՝ նստաշրջաններն անց են կացվում յուրաքանչյուր տարի ԱՊՀ անդամ պետություններից որևէ մեկում՝ ըստ հերթականության։ Հայաստանում ԱՊՀ ՀՄԽ նստաշրջաններ անց են կացվել 1998 և 2013 թվականներին:
Որոշում կայացվեց ԱՊՀ ՀՄԽ հաջորդ՝ 33-րդ նստաշրջանն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում։