16/12/2024
Դեկտեմբերի 12-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության բնագավառում աշխարհում առաջատար ընկերություններից մեկի՝ բուլղարական «Stroyproject» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ՝ կազմակերպության ղեկավար Քրիստո Կրուշարսկիի գլխավորությամբ։ Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք էր բերվել ս․թ․ հոկտեմբերի 29-31-ը Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստանի Դաշնություն) կայացած Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության 190-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Հանդիպումը մեկնարկեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ողջույնի խոսքով, վերջինս ընդգծեց հանդիպման առաքելության կարևորության և դրա իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքների արդյունավետության մասին։ Հանդիպմանը մասնակցում էին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Էդգար Միսակյանը, օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը, հակակարկտային ծառայության պետ Սուրեն Հովակիմյանը և գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Անի Մարգարյանը։ «Stroyproject» ՍՊԸ-ի ղեկավար Քրիստո Կրուշարսկին ներկայացրեց իրենց կազմակերպության գործառույթներն ու նպատակները, որոնք հստակ արտացոլվում են 1992 թվականից ի վեր եղանակի և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած բացասական երևույթների՝ կարկուտի, երաշտի և ջրհեղեղների դեմ արդյունավետ պայքարի համար արտադրանք մշակելու ավելի քան 30 տարվա փորձի ձեռքբերման, կիրառման և միջազգայնացման գործընթացներում։ «Stroyproject» ՍՊԸ-ի օդերևութաբան Դենիսլավ Բոնչևը ներկայացրեց կազմակերպության սեփական լաբորատորիայում մշակված հակակարկտային հրթիռների, հատուկ բանաձևերով մշակված արտանետվող աերոզոլային գեներատորների և ինքնաթիռների միջոցով կարկտաբեր ամպերի ցրման և կարկուտի մեղմման կարողություններն և մեթոդները։ Կազմակերպության ներկայացուցիչների կողմից նկարագրված արտադրանքների և մեթոդների արդյունավետությունը փաստարկվեց տարբեր երկրներում՝ մասնավորապես Արգենտինայում և ԱՄԷ-ում դրանց կիրառման հաջողված փորձի մեջբերմամբ և դրանց միջոցով գյուղատնտեսության ոլորտում քանակական ու որակական ցուցանիշների բարելավման առարկայական ցուցադրմամբ: Լևոն Ազիզյանն իր հերթին ներկայցրեց ՊՈԱԿ-ի հակակարկտային ծառայության գործառույթներն ու ծառայության կողմից համապատասխան միջոցառումների իրականացման համար բավարար միջոցների և մեթոդների անհասանելության խնդիրը։ Մասնավորապես նշվեց կիրառվող միակ միջոցի՝ գազագեներատորային կայանքների գիտական հիմնավորվածության բացակայության մասին, ընդգծելով ՀՀ ողջ տարածքի կարկտավտանգության բարձր մակարդակը՝ Լևոն Ազիզյանը կարևորեց գիտականորեն ապացուցված մեթոդների ներդրումը հակակարկտային ծառայության աշխատանքներում։ «Stroyproject» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հավաստիացրին, որ երկրի մասին 10 ամյա կտրվածքով համապատասխան տեղագրական և կլիմայական փոփոխականների ժամանակային շարքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես՝ երկամսյա ժամանակահատվածում հանդես կգան Հայաստանի ամբողջ տարածքում հրթիռների քանակի, տեղաբաշխվածության, ըստ տեղագրական և կլիմայական տվյալների դրանց տեսակների կիրառման, ինչպես նաև տարեկան կտրվածքով վերջիններիս սպասարկման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի և տնտեսական արդյունավետության վերաբերյալ համապարփակ և առավելագույնս ճշգրիտ տվյալներից բաղկացած առաջարկով։ Հանդիպումն ավարտվեց «Stroyproject» ՍՊԸ-ի գործունեությանը տեղում ծանոթանալու և ՊՈԱԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրելու համաձայնության ձեռքբերմամբ։