10/09/2024
Էքստրեմալ կլիմայական երևույթների դեմ պայքարում աֆրիկյան երկրները միջին հաշվով, կորցնում են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2-5%-ը, իսկ առանձին երկրներ կորցնում են իրենց բյուջեի մինչև 9%-ը: Սահարայից հարավ ընկած Աֆրիկական երկրներում հարմարվողականության ծախսերը գնահատվում են տարեկան 30-50 միլիարդ ԱՄՆ դոլար, ասվում է Համաշխարհային Օդերևութաբանության Կազմակերպության՝ ՀՕԿ-ի «Կլիմայի վիճակը Աֆրիկայում» 2023 թ․ զեկույցում:
ՀՕԿ-ը գնահատում է, որ մինչև 2030 թվականը Աֆրիկայում ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող 118 միլիոն մարդ, ովքեր ապրում են օրական 1,9 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտով, կենթարկվեն երաշտի, ջրհեղեղների և ծայրահեղ շոգի, եթե մինչ այդ համապատասխան միջոցներ չձեռնարկվեն: Աֆրիկյան երկրները պետք է առաջնահերթություն տան ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայություններում ներդրումների ավելացմանը և արագացնեն «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության իրականացումը: Սա կնպաստի ռիսկերի նվազեցմանը, հարմարվողական կարողությունների ձևավորմանը, տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում ճկունության բարձրացմանը և կայուն զարգացման ռազմավարությունների մշակմանը, ասվում է զեկույցում:
Ըստ ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոյի, վերջին 60 տարիների ընթացքում Աֆրիկայում գրանցվել է ջերմաստիճանի աճի ավելի արագ միտում, քան աշխարհում: 2023-2024 թվականներին մայրցամաքում գրանցվել են Էքստրեմալ եղանակային պայմաններ՝ մահացու շոգեր և երաշտներ, տեղատարափ անձրևներ և ջրհեղեղներ։ Սա ավելի է խորացնում մայրցամաքում առանց այն էլ սուր հումանիտար ճգնաժամը։
Աֆրիկան բախվում է եղանակի և կլիմայի փոփոխության հետ կապված անհամաչափ ռիսկերի, որոնք հանգեցնում են զանգվածային հումանիտար ճգնաժամերի՝ վնասակար ազդեցություն ունենալով գյուղատնտեսության և պարենային անվտանգության, կրթության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, խաղաղության, հանրային առողջության, ջրային ռեսուրսների և ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման վրա։