AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «Լոկատոր» ՓԲԸ-ի համագործակցության արդյունքը

06/08/2024

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում հիդրոլոգիական դիտակետում դիտարկումների ավտոմատ համակարգեր տեղադրելու ուղղությամբ։ Այդ նպատակով, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «Լոկատոր» ՓԲԸ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցք Գեղամավան դիտակետում, փորձնական նպատակով,  2024 թվականի հուլիս ամսին տեղադրվել է «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից արտադրված ջրի մակարդակի դիտարկումների ռադարային մակարդակաչափ, համալրված ջրի և օդի ջերմաստիճանի տվիչներով։ Ավտոմատ կայանից տվյալներն անընդատ փոխանցվում են «Լոկատոր» ՓԲԸ կողմից մշակված «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում ներդրված տվյալների բազա։ 
Փորձնական նպատակով տեղադրված ավտոմատ կայանի տեխնիկական հնարավորությունները գնահատելու, ինչպես նաև հնարավորության դեպքում, նմանատիպ ավտոմատ կայաններ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մյուս հիդրոլոգիական դիտակետերում տեղադրելու հնարավորությունները դիտարկելու նպատակով 2024 թվականի օգոստոսի 2-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը «Լոկատոր» ՓԲԸ տնօրեն Արման Խաչատրյանի հետ այցելել են Գեղամավան հիդրոլոգիական դիտակետ։ Տեղում մասնագետները ներկայացրել են տեղադրված ավտոմատ կայանի հնարավորությունները և առավելությունները և արձանագրվել է, որ տեղադրված ռադարային մակարդակաչափը ապահովում է տվյալների բարձր ճշգրտություն դիտակետում կիրառվող լողանային մակարդակաչափի նկատմամբ (±7մմ)։