29/07/2024
2024 թվականի հուլիսի 15-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիան հավատարմագրվել է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի (ԱՐՄՆԱԲ) կողմից լաբորատորիաների հավատարմագրման կոմիտեի 11․07․2024թ․ N 27/1 որոշմամբ՝ 4 տարի ժամկետով։ Հավատարմագրումն իրականացվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջների համաձայն:
Լաբորատորիայի հավատարմագրումը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ նպատակներից, քանի որ այսօրվա արտաքին և ներքին մարտահրավերները՝ կապված շրջակա միջավայրի աղտոտվածության, անդրսահմանային գետերի աղտոտվածության, Սևանա լճի ջրի որակի պահպանության և այլ հիմնախնդիրներրի հետ, պահանջում են շրջակա միջավայրի բաղադրիչների՝ ջրային ռեսուրսների, հողերի վիճակի գնահատման համար վստահելի, ճշգրիտ և միջազգայնորեն համադրելի տվյալներ ստեղծող համակարգ։
Լաբորատորիայի հավատարմագրումը կնպաստի ծառայությունների բարելավմանը, կբարձրացնի կատարված աշխատանքների վարկանիշը, ինչպես նաև կստեղծի օրինական հիմքեր միջազգային համադրելի լաբորատորինաերի հետ համագործակցելու հարցում:
Լաբորատորիայի հավատարմագրման գործընթացում մեծ դեր ունեն նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կնտրոն» ՊՈԱԿ-ի միջազգային գործընկերները, առանց որոնց շարունակական տեխնիկական և մասնագիտական աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել լաբորատորիայի արդիականացման և հավատարմագրման գործընթացը:
2019-2020 թվականներին ՀՀ կառավարության և «ԵՄ ջրային նախաձեռնություն պլուս» ծրագրի համաֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվեց ու արդիականացվեց ՊՈԱԿ-ի լաբորատորիան, ինչի շնորհիվ սկիզբ դրվեց հավատարմագրման գործընթացին։ Այնուհետ, հետագա աջակցութունը շարունակվեց «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար․ Ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» և «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրերի շրջանակում։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ կառավարությանը, Շրջակա միջավայրի նախարարությանը, «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար․ Ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ», «ԵՄ-ն Սևանի համար» և ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի մեր գործընկերներին։
Լաբորատորիայի հավատարմագրումն այս փուլում ներառում է հետևյալ ոլորտները․
մակերևութային և ստորերկրյա ջրերում, հանքային ջրերում, կեղտաջրերում (արդյունաբերական և այլ կեղտաջրեր), մաքրված և չմաքրված հոսքաջրերում, մթնոլորտային տեղումներում մետաղների և տարրերի, սուլֆատ, նիտրատ, քլորիդ, ֆտորիդ, բրոմիդ, ամոնիում, նիտրիտ, ֆոսֆատ իոնների, էլեկտրահաղորդականության, pH-ի և մի շարք այլ ցուցանիշների փորձարկումները։
Պինդ նմուշներում (հող, տիղմ և կենսաթափոններ) մետաղների և տարրերի, սուլֆատ, նիտրատ, քլորիդ, ֆտորիդ իոնների, էլեկտրահաղորդականության, pH-ի և մի շարք այլ ցուցանիշների փորձարկումները։
‼️Հավատարմագրման ոլորտը առաջիկա տարիներին ակնկալվում է ընդլայնել՝ ներառելով նաև ջրերում և հողերում օրգանական միացությունների և սնդիկի փորձարկումները, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումները, ինչի համար ակնկալում ենք ինչպես ՀՀ կառավարության այնպես էլ մեր միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը։