22/07/2024
Հուլիսի 18-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոն այցելեցին Երևանի թիվ 111 դպրոցում գործող «էկոլոգիա» խմբակի անդամները` նպատակ ունենալով ծանոթանալ Օրհուս կենտրոնի էկոկրթական գործունեությանը և ստանալ խորհրդատվություն բնապահպանական ուսուցողական խաղերի վերաբերյալ։
Օրհուս կենտրոնի համակարգողը այցելուներին ծանոթացրեց Օրհուսի կոնվենցիային՝ նշելով, որ այն խրախուսում է բնապահպանական կրթական ծրագրերի իրականացումը, որոնց միջոցով երիտասարդները և մեծահասակները կարող են ստանալ գիտելիքներ շրջակա միջավայրի մասին, ինչն օգնում է ձևավորել գիտակցված և պատասխանատու վերաբերմունք բնության նկատմամբ։
Այցի ժամանակ ինտերակտիվ ձևով քննարկվեցին բնապահպանական խնդիրներ, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը, մակերևութային ջրերի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությանը նպաստող գործոնները և այլն։ Քննարկվեցին նաև այդ խնդիրներին լուծման ուղիները, և որպես կարևոր ուղղություն շեշտադրվեց իրազեկվածության բարձրացումը։
Պատանիներն ունեն բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնելու իրենց պատկերացումները։ Նրանց կարծիքով, կրթական խաղերն օգնում են վերլուծել և հասկանալ բնապահպանական խնդիրները, ինչպես նաև գտնել ստեղծագործ և արդյունավետ լուծումներ։ Այդ իսկ նպատակով, պատրաստվում են ստեղծել իրենց սեփական բնապահպանական խաղը։
Նրանք խորհրդատվություն ստացան նաև բնապահպանական խաղերի տրամաբանական և բովանդակային կառուցվածքի վերաբերյալ, ինչպես նաև խաղացին «Էներգապոլիա» խաղը՝ հարստացնելով տեսական և պրակտիկ գիտելիքները ինչպես շրջակա միջավայրի խնդիրների, այնպես էլ բնապահպանական խաղերի վերաբերյալ։