25/06/2024
2023 թվականին Անտարկտիդայում ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվել, չնայած այն հանգամանքին, որ տարին եղել է ռեկորդային ամենաշոգը։
Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի Անտարկտիկայի եղանակի հետազոտությունների կենտրոնի գիտնականներն ընդգծում են, որ մայրցամաքի օդերևութաբանական ավտոմատ կայանները գրանցել են եղանակային զարմանալի անոմալիաներ:
Այս մասին հաղորդում է Advances in Atmospheric Sciences-ը:
Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Արևելյան Անտարկտիդայի ինչպես մշտական գործող, այնպես էլ ավտոմատ օդերևութաբանական կայաններում, Ռոսս շելֆային սառցադաշտում և Արևմտյան Անտարկտիդայում, ինչպես նաև Անտարկտիկայի թերակղզում: Օրինակ՝ Կունլուն կայանը գրանցել է իր պատմության մեջ ամենացածր ջերմաստիճանը՝ - 79.4 աստիճան Ցելսիուս, ինչը զգալիորեն ցածր է ամսական միջինից։ Հետաքրքիր է, որ միևնույն ժամանակ Հարավային Ամերիկայում, Անտարկտիդային մոտ գտնվող հատվածում, անոմալ տաք/ջերմային ալիքներ են գրանցվել: Այսպիսով, Չիլիում ջերմաստիճանը բարձրացել է գրեթե 40 աստիճան Ցելսիուսի, իսկ Ռիո դե Ժանեյրոյում գերազանցվել է բարձր ջերմաստիճաններրի 117-ամյա ռեկորդը։
Գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը հայտնաբերել է սառեցման չորս ժամանակաշրջան՝ 2023 թվականի հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջ: Նրանք կարծում են, որ ցածր ջերմաստիճանների պատճառ է դարձել տրոպոսֆերայի միջին շերտի ուժեղ բացասական անոմալիան, ինչպես նաև մայրցամաքից հարավային հոսքերի ազդեցությունը և կայուն մթնոլորտային պայմանները։ Նման ծայրահեղ եղանակային պայմանները զգալիորեն բարդացրել են Անտարկտիդայի գիտական բազաների աշխատանքը, որտեղ օդային թռիչքներն անապահով են դառնում -50 աստիճան Ցելսիուսից ցածր ջերմաստիճանում։ Նոր հետազոտությունն օգնել է ավելի լավ հասկանալ մթնոլորտային երևույթները, որոնք ազդում են Հարավային բևեռի կլիմայի վրա և դրանց կապը կլիմայի գլոբալ փոփոխության հետ:
Ավելի վաղ Անտարկտիկայի հետազոտողները հայտնաբերել էին մոտ 1500 կիլոմետր երկարությամբ հնագույն գետի հետքեր՝ ընդգծելով այս մեկուսացված տարածաշրջանի յուրահատկությունը և նրա դերը մեր մոլորակի կլիմայի փոփոխության պատմության ուսումնասիրության մեջ: