18/06/2024
2024 թվականի մայիսի 19-ից հունիսի 1-ը «Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանելու համար սնդիկի մոնիթորինգի կարողությունների բարելավում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գիտահետազոտական այց Ջոզեֆ Ստեֆանի անվան ինստիտուտ, Շրջակա միջավայրի գիտությունների բաժին (Սլովենիայի Հանրապետության Լյուբլյանա քաղաք) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրավերով: Գիտահետազոտական այցին մասնակցում էին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, Թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ Արտակ Խաչատրյանը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու՝ Մինամատայի Կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը։
Սույն գիտահետազոտական այցն ունեցավ բավականին լայն օրակարգ, լաբորատոր գործնական աշխատանքներն ուղեկցված էին հետևյալ թեմաների շուրջ քննարկումներով․
• Ակնարկ սնդիկին, որպես շրջակա միջավայրի աղտոտիչ,
• Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ներքո սնդիկի մոնիթորինգի իրականացման հնարավորություններն ու առաջնահերթությունները,
• Սնդիկի արտանետումների պոտեցնիալ աղբյուրներ,
• Սնդիկի հայտնաբերումը շրջակա միջավայրի օբյեկտներում ներառյալ տարբեր մատրիքսների նմուշառման, և լաբորատոր հետազոտության ընթացակարգերը,
• Մարդու բիոմոնիթորինգ ներառյալ՝ նմուշառման ընթացակարգերի մշակումն ու իրականացումը, լաբորատոր հետազոտությունները, մոդելավորման հնարավորությունները, ռիսկի գնահատում և կառավարում :
• Սնդիկի մոնիթորինգը շրջակա միջավայրում:
• Որակի հսկողության/որակի ապահովման ընթացակարգերը սնդիկի մոնիթորինգում:
• Գործնական ուսուցում նմուշառման ընթացակարգերի վերաբերյալ:
• Սնդիկի որոշման անալիտիկ մեթոդաբանություններ՝ ներառյալ ատոմային կլանման սպեկտրոմետրիա և ատոմային ֆլուորեսցենտային սպեկտրոմետրիա:
• Տվյալների կառավարման և արխիվացման կարևորությունը սնդիկի մոնիթորինգի ծրագրում:
• Սնդիկի գլոբալ մոնիթորինգի ծրագրերի օրինակների ներկայացում՝ ներառյալ նմուշառում, անալիտիկ մեթոդաբանություններ, տվայլների արխիվացում և կառավարում:
• Մասնակցություն դոկտոր պրոֆեսոր Միլենա Հորվատի ղեկավարմամբ ասպիրանտի «Սնդիկի հետագծում Իդրիայի ավելի լայն տարածաշրջանում՝ կայուն իզոտոպների օգտագործմամբ» ատենախոսության պաշտպանությանը։
Տեղի ունեցավ նաև այցելություն Իդրիայի սնդիկի հանքավայր և տեղեկատվական կենտրոն: Այցի ընթացքում անցկացվեցին հանդիպումներ և քննարկումներ Ջոզեֆ Ստեֆանի անվան ինստիտուտի շրջակա միջավայրի գիտությունների բաժնի տարբեր աշխատակիցների հետ։ Մասնավորապես՝ Ջոզեֆ Ստեֆանի անվան ինստիտուտի շրջակա միջավայրի գիտությունների ամբիոնի վարիչ և նույն ինստիտուտի միջազգային ասպիրանտուրայի դեկան դոկտոր պրոֆեսոր Միլենա Հորվատի հետ։
Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և մասնագետների փոխադարձ այցելությունների իրականացման հարցերը։