17/06/2024
Հունիսի 13-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆղանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիկը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտակարգ իրավիճակների ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Գվենոլա Լե Կուստերը, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մի շարք ներկայացուցիչներ այցելեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» («Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) Սևանի թերակզղում գտնվող հիդրոօդերևութաբանական կայան։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրեց կայանում իրականացվող աշխատանքները, հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի բարելավման հեռանկարները և Սևանա լճի հիդրոէկոլոգիական ռեժիմը։
Պարոն Ազիզյանը ներկայացրեց նաև Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանակներում ձեռքբերված օդերևութաբանական ավտոմատ կայանի հնարավորությունները և դրա գործառնական առավելությունները: Նա նշեց նաև տեղկատվության կառավարման միասնական համակարգի ներդրման, արբանյակային տեղեկատվության ստացման և մշակման նորացված համակարգի մասին:
Ընդգծվեց այն կարևորագույն փաստը, որ սարքավորումներն արդիականացվում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության չափանիշներին համապատասխան, որը թույլ է տալիս ավտոմատ դիտակայանների և ինտեգրված թվային տվյալների բազայի ինտեգրման միջոցով ապահովել հավաստի և ժամանակին տեղեկատվություն։
Պարոն Ազիզյանը ամփոփ ներկայացրեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հետ տվյալերի փոխանակմանը, տարածաշրջանային փոխգործակցությանը և մասնագետների վերապատրաստմանն ուղղված համագործակցային կապերի և Հայաստանի Հանրապետության՝ ՀՕԿ-ի հիմնական գիտատեխնիկական ծրագրերում մասնակցության շրջանակը։
Տիկին Ֆղանսուազ Ժակոբը բարձր գնահատեց տեխնիկական կարողությունների բարելավմանը միտված համագործակցային ջանքերը՝ հատկապես կլիմայի փոփոխության անխուսափելի հետևանքների մեղմման և հարմարվողականության բարձրացման համատեքստում: Նա հավաստիացրեց, որ իր առաջիկա հնգամյա աշխատանքային գործունեությունն ուղղվելու է համակողմանի բազմոլորտ փոխգործակցային ներուժի զարգացմանը՝ կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների լուծման համար բնահեն և մարդակենտրոն սիներգիկ մոտեցումների կիրառման տեսլականով։