AM RU EN

ԼՈՒՐԵՐ

46 տարիների բարեխիղճ աշխատանք և նվիրում․ ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Նատալյա Բիշարյանն անցկացրեց իր վերջին աշխատանքային օրը

03/06/2024

Մայիսի 31-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ Նատալյա Բիշարյանն անցած 46 տարիների իր վերջին աշխատանքային օրն անցկացրեց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում։
 
ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գեղեցիկ հուշանվեր ընծայեց տիկին Բիշարյանին երկարամյա աշխատանքի, ինչպես նաև օդերևութաբանության ոլորտի զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար։ Լևոն Ազիզյանը երախտագիտության խոսքեր հայտնեց երկար տարիների բարեխիղճ աշխատանքի և նվիրման, ինչպես նաև օդերևութաբանության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար։
Տիկին Բիշարյանը 1956 թվականին ծնվել է Ուկրաինայի Իզյում քաղաքում։ 1973-1978թթ․ սովորել և ավարտել է Օդեսսայի հիդրոօդերևութաբանական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-օդերևութաբանի մասնագիտություն։ Տեղափոխվելով Հայաստան՝ 1978 թվականից մինչ օրս աշխատել է Հայհիդրոմետի օդերևութաբանական կանխատեսումների բաժնում՝ որպես հերթապահ օդերևութաբան։
Աշխատանքային գործունեության ընթացքում տիկին Բիշարյանը անմիջականորեն մասնակցել է եղանակի կանխատեսման ողջ գործընթացին, կանխատեսումներին վերաբերվող գիտական խնդիրների և կանխատեսման մեթոդիկաների մշակմանը։ Այս տարիների ընթացքում նա մեծ պատրաստակամությամբ իր ողջ գիտելիքները փոխանցել է երիտասարդ սերնդի աշխատակիցներին՝ իրեն յուրահատուկ ոճով կրթելով սերունդներ, միաժամանակ դառնալով լավ ընկեր և աշխատանքային լավ գործընկեր ողջ աշխատակազմի համար։