AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀԿՋՌԿ ծրագրի շրջանակում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական ազգային գործակալության պատվիրակությանը

03/06/2024

Մայիսի 27-30-ը Հարավային Կովկասում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման (ՀԿՋՌԿ) ծրագրի շրջանակում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական ազգային գործակալության (NEA) պատվիրակությանը՝ գործակալության ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ:
 
Այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, որի ընթացքում վրացի գործընկերները ծանոթացան «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության՝ մասնավորապես հետևյալ ստորաբաժանումների աշխատանքների հետ`
օդերևութաբանության ծառայություն,
կլիմայի ծառայություն,
հիդրոլոգիայի ծառայություն,
կենտրոնական լաբորատորիա,
աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայություն:
Վրացի գործընկերները այցելել են նաև Սևան-Հրազդան գետավազանի հիդրոլոգիական և Արենի օդերևութաբանական կայաններ, տեղում ծանոթանացել են կայանների աշխատանքներին։
Մայիսի 30-ին տեղի ունեցավ ամփոփիչ քննարկում, որի ընթացքում քննարկվեցին երկու կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ․ Ազիզյանը շնորհակալություն հայտնեց վրաց գործընկերների այցի համար, նշելով որ համագործակցության հետագա խորացումը շատ կարևոր է: Հատկապես առատ տեղումներով պայմանավորված վերջին իրադարձությունները փաստեցին երկու կազմակերպությունների միջև տարածաշրջանային արդյունավետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես հիդրոօդերևութաբանական տվյալների փոխանակման, վտանգավոր երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի բարելավման ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «NEA»-ի միջև համագործակցության հուշագրի նախագիծը, որը համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո կստորագրվի «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների Վրաստան փոխայցի ժամանակ։
NEA-ի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց բարձր մակարդակի հյուրընկալության և արդյունավետ համագործակցության համար, շեշտելով, որ սիրով կսպասեն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործընկերներին Վրաստանում։