AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ վերապահումով կիրառել օդի աղտոտվածության մոնիթորինգի համար նախատեսված էժան սենսորները

31/05/2024

ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին կոնվեցիայի Չափումների և մոդելավորման աշխատանքային խումբը հորդորում է վերապահումով կիրառել օդի աղտոտվածության մոնիթորինգի համար նախատեսված էժան սենսորները
Վերջին մի քանի տարիների ընթացքում տեխնոլոգիաները, որոնք կապված են օդի որակի մոնիթորինգի համար կիրառվող էժան սենսորների հետ արագ զարգացում են ապրել: 
Թեև դրանց կիրառումը գնալով ավելի լայն տարածում է գտնում, և հաճախ դրանք ակտիվորեն կիրառվում են օդի աղտոտվածության հետազոտության և մոնիթորինգի համար որպես հեշտ լուծում, փորձագետները հորդորում են զգույշ լինել։
Ակնհայտ է, որ էժան սենսորներն ունեն մի շարք առավելություններ, քանի որ էտալոնային գործիքների համեմատ օդի աղտոտվածության մոնիթորինգը դարձնում են ավելի քիչ ծախսատար, ինչը թույլ է տալիս կիրառել դրանք անգամ քիչ հասանելի վայրերում:
Այնուամենայնիվ, այս սենսորները ենթակա չեն սերտիֆիկացման, փոխարենը երկարատև շահագործման ընթացքում դրանց չափումներում նկատվում են զգալի շեղումներ:
Չնայած դրանք համեմատաբար մատչելի են ձեռք բերելու համար, բայց պահպանումը կարող է ծախսատար լինել, քանի որ համեմատաբար քիչ են ծառայում, իսկ չափման զգալի շեղումների պատճառով` օդի աղտոտվածության միտումները գնահատելու համար դառնում են անպիտան:
Էժան սենսորների կարգաբերումը նույնպես կարող է խնդիր հանդիսանալ: Հետևաբար, օդի աղտոտվածության չափումների համար օգտագործվող տարբեր էժան սենսորների ճշգրտությունը, հուսալիությունը և վերարտադրելիությունը պետք է գնահատվեն տեղադրելուց և կիրառելուց առաջ:
Տարեկան հանդիպման ժամանակ (2024թ. մայիսի 6-7-ը) Չափումների և մոդելավորման աշխատանքային խմբի փորձագետները, կիսվեցին և՛ լաբորատոր հետազոտություններից, և՛ էժան սենսորներով չափումներից ստացած տեղեկատվությամբ: 
Տարբեր երկրների փորձերը ցույց տվեցին, որ որոշ դեպքերում էժան սենսորները չեն կարողանում ֆիքսել աղտոտվածության բարձր կոնցենտրացիաները: 
Անհրաժեշտ են լրացուցիչ գործիքներ, հաշվարկներ և էտալոնային մոնիթորինգի գործիքներով համատեղ դիտարկումներ, որպեսզի օգտատերերը կարողանան հասկանալ էժան սենսորներից ստացված տվյալները:
Փորձագետները համաձայնեցին, որ էժան սենսորների միջոցով ստացված տվյալների հուսալիության ապահովումը առաջնային նշանակություն ունի: 
Օգտատերերին աջակցելու համար որոշ երկրներ մշակել են լավագույն պրակտիկայի ուղեցույցներ, որոնք օգտատերերին հնարավորություն կտան ընտրել իրենց մոնիթորինգի կարիքներին համապատասխան սենսորային համակարգեր, տեղադրել սենսորներն այնպես, որ նպաստեն ներկայացուցչական նմուշների հավաքմանը և ձեռնարկեն որակի ապահովման գործընթացներ, որոնք անհրաժեշտ են տվյալների համապատասխանություն ստեղծելու համար: 
Հաշվի առնելով էժան սենսորների զարգացման միտումները, աշխատանքային խումբը հետագա հանդիպումների ժամանակ ևս կքննարկի այս թեման:

Սկզբնաղբյուր՝ https://shorturl.at/tPslB