23/05/2024
2024 թվականի ապրիլը դարձավ ամենատաքը և ամենաչորը` սկսած 1935 թվականից։
Հայաստանի ամսական միջին ջերմաստիճանը կազմեց 9․4°C, որը 4․5°C-ով գերազանցեց ապրիլի ամսական նորման (4․9°C)։ Ջերմաստիճանային շեղումները հատկապես բարձր էին ամսվա երկրորդ կեսին, երբ շրջանների զգալի մասում օդի օրական միջին ջերմաստիճանները բարձր էին նորմայից 6-8°C-ով։ Ապրիլի 17-20-ը և 28-30-ը ընկած ժամանակահատվածում գրանցվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում և Արարատյան դաշտում հասան 30-32°C-ի։
Ամենատաք ապրիլն ուղեկցվեց սակավ տեղումներով։ Ամսական տեղումների միջին քանակը Հայաստանում կազմեց 23․4մմ կամ նորմայի 33%-ը։ Նման սակավ տեղումների քանակ Հայաստանում չէր դիտվել ապրիլ ամսին՝ սկսած 1935 թվականից։
Հատկապես չորային էր ապրիլի երրորդ տասնօրյակը, երբ Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ չեն գրանցվել կամ տեղումների գումարային քանակը կազմել է մինչև 5մմ։