14/05/2024
2024 թվականի մայիսի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.44մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի` 1900.43 մ, համեմատ բարձր է 1սմ-ով։
2021 թվականի հունիսի 21-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.84 մ, որը հավասար է եղել 2020 թվականի նույն օրվա մակարդակին, իսկ 2021 թվականի հունիսի 22-ից մինչև 2024 թվականի մայիսի 12-ը լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ եղել է բացասական, մայիսի 13-ին եղել է նույն մակարդակին, իսկ այսօրվանից արդեն իսկ 1սմ-ով բարձր է 2023 թվականի մայիսի 14-ի մակարդակից։
2021 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետությունում հաստատված անոմալ եղանակային պայմանները Սևանա լճի վրա ունեցան բացասական առումով ուղղակի և անուղղակի ազդեցություն։ Մասնավորապես հունիս ամսին բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ջրային հաշվեկշռի ելքի բաղադրիչներից ամսական գոլորշացումը գերազանցել է այդ ամսվա պատմական առավելագույնը կազմելով՝ 153.7 մլն.խոր.մ, որը համարժեք է լճի ջրի մակարդակի մոտ 12սմ հաստությամբ շերտի, իսկ լճի մակերևույթին թափված տեղումները կազմել են՝ 4.80 մլն.խոր.մ, որը այդ ամսվա պատմական նվազագույն արժեքից մոտ 4.3 անգամ փոքր է եղել, գետային ներհոսքը լիճ կազմել է ամսական նորմայի՝ 44%-ը։ Արդյունքում եթե հունիս ամսին լճի մակարդակը միջինում բարձրանում է մինչև 7սմ, 2021 թվականին իջել է 10սմ-ով։
21․06․2021-13․05․2024թթ․ ժամանակահատվածում մակարդակների բացասական տարբերությունների ամենամեծ արժեքները դիտվել են 2022 թվականի մայիս և 2023 թվականի հունիս ամիսներին՝ կազմելով մինչև -25…-26սմ: