AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրենն ընդունել է «EU4Environment - Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի մասին տվյալներ» ծրագրի Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության լաբորատոր փորձագետներին և ծրագրի ազգային համակարգողին

27/04/2023

Ապրիլի 26-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ընդունել է «EU4Environment - Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի մասին տվյալներ» ծրագրի Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության լաբորատոր փորձագետներ Մայքլ Վոգլին և Մայքլ Ղոբրիալին, ծրագրի ազգային համակարգող Վահագն Տոնոյանին։
Այցի նպատակն էր լաբորատորիայի՝ մասնավորապես, ԵՄ Ջրի շրջանակային հրահանգով սահմանված օրգանական նյութերի անալիզների իրականացման հնարավորությունների գնահատումը կարողությունների զարգացման պլանավորման և լաբորատորիայի հավատարմագրման աջակցության հարցերի քննարկման համար:

Ողջունելով հյուրերին՝ Լ․ Ազիզյանը նշեց, որ տարեցտարի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի կողմից գրանցվում են միջլաբորատոր ստուգաճշտման ավելի լավ արդյունքներ, ինչը հետևանք է ինչպես լաբորատոր պայմանների բարելավման, սարքավորումների արդիականացման և միջազգային ստանդարտ մեթոդների ներդրման, այնպես էլ,՝ որակավորման դասընթացներում մասնագետների ձեռք բերած հմտությունների որոնք իրականացվել են հիմնականում Եվրամիության ծրագրերի աջակցությամբ։
Մինչև տարվա վերջ նախատեսվում է ավարտել ՀՄԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը՝ ԻՍՈ 17025-ի համաձայն, ինչի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս ԵՄՋՆ+ ծրագրի շրջանակում և ակնկալվում է, որ «EU4Environment - Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի մասին տվյալներ» ծրագրի շրջանակում նախատեսվող լաբորատորիայի կարողությունների զարգացման միջոցառումները մեծ ներդրում կունենան այդ գործընթացում։
Հանդիպումից հետո փորձագետներն այցելել են լաբորատորիա, տեղում ծանոթացել լաբորատոր սարքավորումներին, հավատարմագրման փաստաթղթերին և քննարկումներ ունեցել մասնագետների հետ։