AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 25-ին ՀՄԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ընդունել է ՀՕԿ-ի Ծառայությունների դեպարտամենտի Տարածաշրջանային կլիմայական կանխատեսման ծառայությունների բաժնի ղեկավար Վիլֆրան Մուֆումա Օկիային

26/04/2023

Ապրիլի 25-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ընդունել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության(ՀՕԿ) Ծառայությունների դեպարտամենտի Տարածաշրջանային կլիմայական կանխատեսման ծառայությունների բաժնի ղեկավար Վիլֆրան Մուֆումա Օկիային։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՕԿ-ի ներկայացուցչի հնգօրյա այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումների օրակարգային հարցերն ու խնդիրները։ Շաբաթվա ընթացքում պրն Վիլֆրանը կայցելի «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տարբեր ստորաբաժանումներ, կծանոթանա իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին։
Վիլֆրան Մուֆուման առանձնակիորեն նշեց ապրիլի 27-ին կայանալիք Եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունների ազգային շրջանակի (NS-FWCS) ձևավորման խորհրդատվական աշխատաժողովի կարևորությունը։ Նա նաև նշեց, որ ՀՕԿ-ը հետևողականորեն աջակցում է Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակների /NFCS/ ստեղծմանը և գործունեությանը, որոնք համակարգում, հեշտացնում և ամրապնդում են ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների և բազմաթիվ շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը՝ կլիմայական ծառայությունների մատուցման ու կիրառման բարելավման նպատակով:
Ի պատասխան «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի՝ ոլորտում առկա հիդրոօդերևութաբանական, կլիմայական և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունների բացերի և խնդիրների վերաբերյալ մի շարք հարցերին, ՀՕԿ ներկայացուցիչը հավաստիացրեց, որ ՀՕԿ-ի քարտուղարությունը մշտապես կուղղորդի և շարունակական աջակցություն կցուցաբերի նշված խնդիրների լուծմանը միտված բոլոր գործընթացների իրականացման հարցում՝ խթանելով Հայաստանում Եղանակի, կլիմայի, ջրի և շրջակա միջավայրին առնչվող ծառայությունների ազգային շրջանակի ստեղծմանը։